Մարտ. Ամսվա լավագույն ուսանող Արևիկ Հովսեփյան

Հարգելի՛ ընթերցողներ, ուրախ ենք հայտնելու, որ մարտ ամսվա «Լավագույն ուսանող» անվանակարգին է արժանացել Կերպարվեստ և գծագրություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արևիկ Հովսեփյանը:

480869_497760196951865_1425398484_nԱրևիկը ծնվել է 1994 թվականին, Նոր Հաճըն քաղաքում: 2000 թ. ընդունվել է տեղի 2-րդ միջնակարգ դպրոց, ցուցաբերել է բարձր առաջադիմություն: Մանկուց սիրել է պարել և նկարել: Հաճախել է նկարչության և պարի խմբակների: Դեռևս դպրոցական տարիքից մասնակցել է մի շարք միջոցառումների և մրցույթների` զբաղեցնելով ովպատվավոր հորիզոնականներ:

Արտահայտելով իր սերը նկարչության հանդեպ` Արևիկը  2010 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ և գծագրությունը բաժինը:

Արդեն երկար ժամանակ Արևիկը ֆակուլտետի ուսանողական խորհրդի անդամ է: Երկար ժամանակ ղեկավարել է խորհրդի լրատվական հանձնաժողովը և ֆակուլտետային միջոցառումների մասին նյութեր պատրաստել  համալսարանի թերթի և ֆակուլտետի բլոգի համար:

 2013 թվականի ապրիլի հինգին մեր ֆակուլտետի ուսանողների` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցած «Չարենցյան պոեզիան» խորագրով ցուցահանդեսին մասնակցում էր նաև Արևիկը` ներկայացնելով երեք աշխատանք:

getImage (28)

 

Սիրով շնորհավորում ենք Արևիկին` մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը պատրաստեցին Արփինե Խաչատրյանը և Մարիա Լազարևան

Реклама

Փետրվար. Ամսվա լավագույն ուսանող Ռուզան Անանյան

Հարգելի՛ այցելուներ, երկար դադարից հետո ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդն ու բլոգը շարունակում են «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգը` փետրվար ամսին այս կոչմանն արժանացնելով Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ռուզան Անանյանին:

316406_159209867589100_1349697440_nՌուզանը ծնվել է 1992 թվականին Արարատի մարզի Ղուկասավան գյուղում: 1999 թվականին ընդունվել է Ղուկասավանի միջնակարգ դպրոցը: Ցուցաբերելով բարձր առաջադիմություն` դպրոցն ավարտել է կարմիր ատեստատով: Մասնակցել է դպրոցական մի շարք օլիմպիադաների: Հաճախել է  նաև դաշնամուրի:
2009 թվականին ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստի պատմության և տեսության բաժին: Ռուզանն ակտիվորեն մասնակցում է տարբեր համալսարանական բանավեճերի, ինտելեկտուալ խաղերի, ցուցահանդեսների, գրում հոդվածներ, ուսանողական խորհրդի անդամ է:
Վերջերս տեղի ունեցած ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղում հաղթելով` մասնակցեց նաև միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղին և գրավեց առաջին հորիզոնականը: 2012 թվականի դեկտեմբեր ամսին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի կողմից պարգևատրվել է որպես ֆակուլտետի լավագույն ուսանուհի:

Սիրով շնորհավորում ենք Ռուզանին` մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը պատրաստեց Արփինե Խաչատրյանը:

Դեկտեմբեր. Ամսվա լավագույն ուսանողներ Եվա և Անուշ Ստեփանյաններ

Հարգելի՛ այցելուներ, գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգի և ուսանողական խորհրդի որոշմամբ բացառության կարգով դեկտեմբեր ամսվա լավագույնն են ճանաչվել միաժամանակ երկու ուսանող:

Ուրախ ենք հայտնելու, որ դեկտեմբեր ամսվա լավագույն ուսանող են համարվում Կիրառական արվեստ 2-րդ կուրս մագիստրատուրայի ուսանողներ Եվա և Անուշ Ստեփանյանները:

juiԵվան և Անուշը ծնվել են Երևանում: Չնայած նրանց միջև մեկ տարվա տարիքային տարբերությանը, քույրերն իրենց ուսումնական և ստեղծագործական ուղին անցել են միասին:

1995-2005թ նրանք սովորել և ավարտել են Հայ-արգենտինյան թիվ 76 միջնակարգ  դպրոցը, իսկ 2010թ  գերազանց առաջադիմությամբ ավարտել են Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի նկարչական, ինտերիեր-էքստերիերի դիզայներ բաժինը:

2011թ –ից Եվան ու Անուշը մեր ֆակուլտետի Կիրառական արվեստ բաժնի մագիստրատուրայի ուսանողներն են:

122008թ-ից քույրերը հանդես են գալիս Նարեկացի Արվեստի Միության՝ Նարեկացի Ժողովրդական Նվագարանների նվագախմբում որպես մեներգչուհիներ: Խումբը բազմիցս ունեցել է շրջագայություններ  ՀՀ-ում, ԼՂՀ-ում և  Եվրոպական մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում:

  2010թ. Նարեկացի արվեստի միության կողմից թողարկվեց Նարեկացի ժողովրդական նվագարանների նվագախմբի  առաջին ձայնասկավառակը, որն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական ձայնասկավառակ» կոչմանը:

  2012թ-ի դեկտեմբեր ամիսը ստեղծագործական առումով բեղմնավոր էր քույրերի համար: Թողարկվեց նրանց   թվով երկրորդ` «Վերածնունդ»  ձայնասկավառակը, որն իր մեջ ընդգրկում է  ժողովրդական և գործիքային լավագույն կատարումներ:
Ստեփանյան քույրերը ակտիվ մասնակցություն են ունենում նաև ֆակուլտետի ցուցահանդեսներին: Դեկտեմբերի 24-ին մեր բուհի 90-ամյակի կապակցությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցած ցուցահանդեսին իրենց խեցեգործական աշխատանքներն էին ներկայացրել նաև Անուշն ու Եվան:

ԱնուշԵվայի աշխատանքը

Մենք շնորհավորում ենք Անուշին և Եվային և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Նոյեմբեր. Ամսվա լավագույն ուսանող Գոհար Մարտիրոսյան

    Հարգելի՛ ընթերցողներ, երկար ընդմիջումից հետո գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգի և ուսանողական խորհրդի կողմից սահմանված «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգը շարունակում է  մեր ֆակուլտետի ուսանողների շարքերում փնտրել լավագույններին:

   Սիրով ուզում ենք հայտնել, որ նոյեմբեր ամսվա լավագույն ուսանող է ճանաչվել Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Գոհար Մարտիրոսյանը:

    New Picture (2)Գոհարը ծնվել է 1987թ. Երևանում:   Ավարտել է Սմբատ Բյուրատի անվ. թիվ 125 միջն. դպրոցը:  Դեռևս դպրոցականի տարիներից մասնակցել է դպրոցի ժուռնալիստիկայի և հագուստի մոդելավորման խմբակների պարապմունքներին, տպագրվել  դպրոցի թերթում, մասնակցել ցուցահանդեսի:

      2000 թվականից հաճախել է պարի, սկզբում «Սասուն», հետո «Կարին» ազգագրական խմբերում, վերջինիս կազմում համերգային շրջագայություններով եղել է Ջավախքում: Իսկ 2007 թվականից մինչ այսօր «Նուբար» ավանդական երգի պարի խմբի անդամ է և համերգային շրջագայություններով եղել է Թուրքիայում, Բուլղարիայում և այլ երկրներում:

2008թ. որպես մեներգչուհի` հանդես է գալիս «Նարեկացի» ժողգործիքների անսամբլում` համերգներով լինելով ՀՀ մարզերում, ԼՂՀ-ում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում:

Դատելով Գոհարի վարած բուռն մշակութային կյանքից` նա իր նախասիրություններն ու մասնագիտությունը կարողանում է համատեղել, միևնույն ժամանակ ակտիվորեն մասնակցել համալսարանական կյանքին. 2012 թվականից Գոհարը ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմում է և ղեկավարում է ուսանողական խորհրդի Մշակույթի հանձնաժողովը:

23399_208826299256807_783069004_n

Շնորհավորում ենք Գոհարին` մաղթելով անսպառ ստեղծագործական եռանդ:

Հոկտեմբեր. Ամսվա լավագույն ուսանող Լիլիթ Գևորգյան

Հարգելի՛ ընթերցողներ, սիրով հայտնում ենք ձեզ, որ ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգի և ուսխորհրդի որոշմամբ հոկտեմբեր ամսին «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգին է արժանացել Մշակութաբանություն բաժնի III կուրսի ուսանողուհի Լիլիթ Գևորգյանը:

Լիլիթը ծնվել է 1992թ. մարտի 31-ին Գեղարքունիք մարզի ք. Մարտունիում: 1997 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է ՌԴ՝ մշտական բնակության: Սակայն 2000 թվականին այնուամենայնիվ, Լիլիթի ընտանիքը որոշում է վերադառնալ Հայաստան, որտեղ էլ Լիլիթը շարունակում է իր ուսումը Մարտունի քաղաքի Ս. Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում:

2010թվականից Լիլիթը սովորում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի մշակութաբանություն բաժնում:

 

Ինչպես պատմում են դասախոսները, Լիլիթն աչքի է ընկնում իր պատրաստակամությամբ, հետաքրքրասիրությամբ, ինքնազարգացման ակնհայտ հատկություններով:

Նորն իմանալու փնտրտուքները Լիլիթին ստիպել են երբեմն դուրս գալ ֆակուլտետի շրջանակներից: Լիլիթն անդամակցել է Կուլտուրայի ֆակուլտետի մշակույթի, լրագրության խմբակներին, մասնակցել  է սոցիալական և մշակութային թեմաներ շոշափող կոնֆերանս-ժողովների, բանավեճերի:

Լիլիթը մեր ֆակուլտետի ուսխորհրդի անդամ է, ակտիվ մասնակցություն է  ցուցաբերում ուսխորհրդի կազմակերպած միջոցառումներին, ժողովներին:

Ստորև կարող եք բեռնել Լիլիթ Գևորգյանի աշխատանքները:

Բեռնել Հարզազրույց Արա Շիրազի հետ

Բեռնել «Նա շտապում էր»

Բեռնել «Ա. Թոյնբին քաղաքակրթությունների` որպես մշակութային-պատմական համակարգերի մասին» թեմայով ռեֆերատ

 

 

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը շնորհավորում է Լիլիթին և մաղթում մեծ հաջողություններ:

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Սեպտեմբեր. Ամսվա լավագույն ուսանող Լիանա Տոնելյան

Շուրջ երեք ամիս տևած ամառային դադարից հետո ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը վերսկսում է «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգը:

Նախորդ ամիսներին ներկայացված ուսանողները, բացի հասարակական ակտիվությունից, աչքի էին ընկնում նաև բարձր առաջադիմությամբ, որը նկատվել էր ուսումնական տարիների ընթացքում: Այս ամիս ներկայացված ուսանողի համար դեռ վաղ է խոսել բարձր առաջադիմության մասին, քանի որ նա դեռևս սովորում է առաջին կուրսում, բայց կարճ ժամանակամիջոցով հասցրել է աչքի ընկնել ակտիվությամբ և պատրաստակամությամբ:

Եվ այսպես, ֆակուլտետի ուսխորհրդի որոշմամբ սեպտեմբեր ամսվա լավագույն ուսանող է ճանաչվել Հագուստի մոդելավորման բաժնի 1-ին կուրսի ուսանող Լիանա Տոնելյանը:

Լիանա Տոնելյանը ծնվել է 1995թ. հուլիսի 31-ին, Երևանում: Երկար տարիներ հաճախել է «Ուրարտու» պարային համույթ, սակայն տուրք տալով երաժշտության նկատմամբ իր անթաքույց սիրուն, զուգահեռ սովորել է նաև Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, ջութակի բաժնում: Դեռևս փոքր տարիքից Լիանան անտարբեր չէր սպորտի, հատկապես ֆուտբոլի նկատմամբ, ուստի 13 տարեկանից սկսել է լրջորեն զբաղվել դրանով` հաճախելով Բանանց ֆուտբոլային ակումբ: Իր այս բոլոր հետաքրքրություններին հակառակ Լիանան վերջապես ընտրում է մոդելավորողի մասնագիտությունը:

Լիանան ակտիվորեն մասնակցում է համալսարանի կյանքին: Ներգրավված է ֆակուլտետի ուսխորհրդի կազմում, ղեկավարում է ֆակուլտետի սպորտի ակումբը, միևնույն ժամանակ իր պատրաստակամության շնորհիվ նշանակվել է Կենտրոնական ուսխորհրդի սպորտի հանձնաժողովի նախագահի օգնական:

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը ողջունում է մեր ուսանողուհու նման խանդավառությունը և շնորհավորում` մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Մայիս. Ամսվա լավագույն ուսանող Արփինե Պետրոսյան

Հարգելի՛ ընթերցողներ, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի որոշմամբ մայիս ամսվա լավագույն ուսանող է ճանաչվել Արփինե Պետրոսյանը:

Արփինեն ծնվել է 1990 թվականին: 1997-2007 թթ. սովորել է հանրակրթական դպրոցում: 2007 թ. ընդունվել է Գեղարվեստի ակադեմիա, Կերամիկայի բաժին: Երկու տարի Գեղարվեստի ակադեմիայում ուսանելուց հետո որոշել է փոխել մասնագիտությունը և նվիրվել իր համար այդքան սիրելի երգ-երաժշտությանը: Արփինեն 2009 թ. ընդունվել է ՀՊՄՀ Երաժշտական կրթության բաժինը: Այժմ սովորում է նույն բաժնի չորրորդ կուրսում:
Արփինեն` որպես կատարող, ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ֆակուլտետում կազմակերպվող համերգներին:

2011 թվականից երգում է «Գեղարդ» երգեցիկ խմբում: Արփինեն բազմիցս համերգներ է ունեցել արտերկրում` Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, մասնակցել Համաշխարհային երաժշտական փառատոնի:

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը շնորհավորում է Արփինեին ու մաղթում ստեղծագործական անսպառ եռանդ:

                                                                           Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Ապրիլ. Ամսվա լավագույն ուսանող Նաիրա Հրաչինյան

   Հարգելի՛ ընթերցողներ, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգը և ուսխորհուրդը 2011-12 ուստարվա ապրիլ ամսվա լավագույն ուսանող է ճանաչել Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող Նաիրա Հրաչինյանին:

      Հրաչինյան Նաիրան ծնվել է 1991 թվականին, Եղվարդ քաղաքում: 2008 թվականին ավարտել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը և նույն տարում էլ ընդունվել ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստի պատմություն և տեսություն բաժինը: Նաիրան սովորում է պետպատվեր համակարգում, աչքի է ընկնում է բարձր առաջադիմությամբ և ակտիվությամբ:

        Նաիրան մասնակցել է պլեներային պրակտիկայի: Իր մասնակցությունն է ցուցաբերել 2011թվականի սեպտեմբերի  29-ին տեղի ունեցած «Բնությունն իմ աչքերով» խորագրով ցուցահանդեսին, որը կազմակերպվել էր մեր դասխոսների՝ Թ. Բաղդասարյանի, Ս. Սարգսյանի և Դ. Հովհաննիսյանի օգնությամբ: Ցուցահանդեսին արվեստաբանները մեծ պատասխանատվությամբ են պատրաստվել, այցելել են Հայաստանի տարբեր  վայրեր՝ բնությունը ճանաչելու ու պատկերելու համար:

    Այս ցուցահանդեսը մեծ նշանակություն ունեցավ երիտասարդ արվեստաբանների համար` օգնելով ավելի խորացնել իրենց գիտելիքները ոչ միայն տեսության, այլ նաև պրակտիկայի մեջ:

Բեռնել նրա աշխատանքը 17-րդ դարի ֆլամանդական արվեստի մասին:

Բեռնել նրա աշխատանքը նկարիչ Օսկար Ռաբինի ստեղծագործական կյանքի մասին:

ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը սրտանց շնորհավորում է Նաիրային` մաղթելով նորանոր հաջողություններ:

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Մարտ. Ամսվա լավագույն ուսանող Թորոս Թորոսյան

Հարգելի՛ ընթերցողներ, ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհրդի որոշմամբ 2011-12 ուստարվա մարտ ամսվա լավագույն ուսանող է ճանաչվել Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Թորոս Թորոսյանը:

Թորոս Թորոսյանը ծնվել է 1989 թ. ապրիլի 23-ին, Արթիկ քաղաքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Արթիկի թիվ վեց դպրոցում, իսկ 2006 թվականին ընդունվել ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժինը:

Այժմ սովորում է նույն բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսում:

Դեռևս իր ուսումնառության տարիներին Թորոսն ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր ցուցահանդեսների: 2011 թվականին մասնակցել է «Շիրակի գույներ», ապա` «Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» խորագրով ցուցահանդեսներին:

  2011 թվականն իսկապես բեղմնավոր էր նրա տաղանդի դրսևորման համար: 2011 թվականին նոյեմբերի 24-ին իր նկարիչ ընկերների հետ մասնակցում է ՀՀ Անկախության 20 ամյակին նվիրված ցուցահանդեսին, իսկ նոյեմբերի 29-ին` «Ապարանի բնաշխարհը» խորագրով ցուցահանդեսին:

   2012 թվականը բավականին խոստումնալից սկիզբ ունեցավ երիտասարդ ստեղծագործողի համար: Հունվար ամսին մեր ֆակուլտետի ուսանողը մասնակցում է ցուցահանդեսների, որոնք կազմակերպվել են «Փյունիկ» հիմնադրամի և «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից:

   Իսկ վերջերս` մարտի 29-ին, մեր համալսարանում բացվեց Թորոսի և իր երկու ընկերների ճեպանկարների ցուցահանդեսը, որն, ասես, ամփոփում էր երիտասարդ նկարիչների մեկ տարվա աշխատանքը:

  Թորոսի ակտիվ մասնակցությունը տարբեր ցուցահանդեսներին, անշուշտ, վկայում է նրա աշխատասիրության, իր գործին նվիրվածության և նպատակասլացության մասին:

   ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսխորհուրդը սրտանց շնորհավորում է Թորոս Թորոսյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

 Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

Փետրվար. Ամսվա լավագույն ուսանող Հմայակ Գրիգորյան

    Հարգելի ընթերցողներ, մեկնարկվում է ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգի «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգը:

   Փետրվար ամսին ուսխորհրդի անդամների որոշմամբ լավագույն ուսանող ընտրվեց Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հմայակ Գրիգորյանը:

Հմայակ Մհերի Գրիգորյանը ծնվել է Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքում: Ավարտելով տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 2002- 2003թթ ընդունվել է Երևանի ՀԲՀ համալսարանի հագուստի գեղարվեստական մոդելավորման ֆակուլտետը:

   Այնուհետև 3-րդ կուրսից, սոցիալական խիստ սուղ պայմաններից ելնելով, կամովին հեռացել է համալսարանից: Վերադառնալով ծննդավայր` ակտիվորեն աշխատել է մի շարք միջազգային կառույցներում, ինչպիսիք են BBC, World Vision in Georgia, CTC, CHF, Հարավային Դարպասներ շաբաթաթերթում և այլն: Ակտիվ մասնակցել  է  ինչպես Վրաստանւմ, այնպես էլ եվրոպական երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին:

   Լինելով բնավորությամբ ուսումնատենչ անձ և թերի համարելով ստացած ուսումը` 2007թ. ընդունվել է ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժինը և ավարտել այն 2011թ-ին: Այժմ ուսումը շարունակում է ՀՊՄՀ նույն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսում:

  Հմայակն իր ուսման տարիներին ունեցել է անհատական ցուցահանդես, ինչպես նաև մասնակցել տարբեր խմբակային ցուցահանդեսների: Փետրվար ամսին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Ջավախքյան գույներ» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հմայակը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջավախք» երիտասարդական հիմնադրամի ջանքերով:

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,968 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: