Կերպարվեստի ամբիոն

Ամբիոնի վարիչ` Ֆ․Մ․Միրզոյան

Էլ. փոստ` finearts22@aspu.am

Հեռ.` 55 60 30

Կերպարվեստի ամբիոնը ստեղծվել է 2012 թվականին՝ Գունանկարի և Գծանկարի ամբիոնների միավորումից: Վերոնշյալ ամբիոնները ստեղծվել էին Նկարչության ամբիոնի հիման վրա, որը հիմնադրվել է 1961թվականին:

Մինչև 1966 թվականը Նկարչության ամբիոնը ղեկավարել է արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Կարո Մինասյանը:

Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են Մ.Փանոսյանը (1966-1967թթ.), Էդվարդ Իսաբեկյանը, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը (1967-1968թթ.): 1968 թվականին առանձնացան գունանկարի և գծանկարի ամբիոնները:

1968-1988 թվականներին գունանկարի ամբիոնը ղեկավարել է ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հովհաննես Զարդարյանը, այնուհետև ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սուրեն Սաֆարյանը: 1988- 2012թթ. գունանկարի ամբիոնի վարիչն է դոկտոր, պրոֆեսոր ՌԴ ԿԱ ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը: 1968 թվականից գծանկարի ամբիոնի վարիչ էր ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ղուկաս Չուբարյանը:

Հետագայում այդ պաշտոնը ստանձնեցին վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանը, դոցենտ Հովհաննես Մուրադյանը, պրոֆեսոր Ստեփան Գրիգորյանը, մ.գ.թ. դոցենտ Արտաշես Քեշիշյանը: 2012 թվականին գծանկարի ամբիոնին միացավ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի գծագրության և համակարգչային գրաֆիկայի ամբիոնը: Նույն թվին միավորվեցին գունանկարի և գծանկարի ամբիոնները: Նորաստեղծ ամբիոնը վերանվանվեց Կերպարվեստի ամբիոն, որի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Լեմս Ներսիսյանը:

2013-2014 թվականին ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց Սարգիս Թերզյանը:

2014 թվականից կերպարվեստի ամբիոնի վարիչ նշանակվեց ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Ֆարաոն Միխաիլի Միրզոյանը: Կերպարվեստի ամբիոնը ֆակուլտետի հիմնական և կարևոր ամբիոններից է, որտեղ ուսանողը ձեռք է բերում պրոֆեսիոնալ նկարչության հիմքերը` գեղանկար, գծանկար, քանդակագործություն, գրքի գեղարվեստական ձևավորում, համակարգչային գրաֆիկա, նաև մանկավարժական և մեթոդական հմտություններ կերպարվեստի ոլորտում:

Ամբիոնի նպատակն է ուսանողին տալ համապատասխան գրագիտություն, պատրաստել բարձր մակարդակի նկարիչ-մանկավարժներ:

Ամբիոնում դասավանդում են փորձառու դասախոսներ` ժողովրդական նկարիչներ, արվեստի վաստակավոր գործիչներ:

Реклама

«Ճեպանկարների ցուցահանդես Գեղարվեստական կրթության ֆակուլտետում»

  18-րդ դարի ֆրանսիացի փիլիսոփա և գրող Դենի Դիդրոն ասել է. «Ճեպանկարը հանճարի ու ավյունի, իսկ գեղանկարը ջանքի, համբերության, երկար ուսումնասիրության և արվեստի մասին ավարտուն գիտելիքների ծնունդն է»:

  Առհասարակ, խոստումնալից ապագա ունի այն նկարիչը, ով իր տաղանդը կարողանում է ճիշտ կիրառել է և՛ ճեպանկարի, և՛ գեղանկարի ասպարեզում: Ճեպանկարն ամենաանկեղծ ու անմիջական միջոցն է զգացմունքայնության արտահայտման համար, քանի որ այն պահի թարմ վերարտադրությունն է սուղ արտահայտչամիջոցներով, որը, սակայն, գիտական մոտեցում է պահանջում:

  Մարտի 29-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվեց  Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Թորոս Թորոսյանի, Վոլոդյա Գասպարյանի և Արթուր Արղամանյանի ճեպանկարների ցուցահանդեսը: Մեր համալսարանի այս երեք տաղանդավոր տղաները արդեն երկրորդ անգամ են հավաքվում մեկ ընդհանուր թեմայի` Գեղեցիկի շուրջ և արվեստասերի դատին ներկայացնում այն, ինչը վեր է հանում մեր կողմից երբեմնի մերժված մտքերը:

  Ճեպանկարի ցուցահանդեսը երիտասարդ ստեղծագործողների թվով երկրորդ ցուցահանդեսն է: Առաջին ցուցահանդեսը, որը նվիրված էր ՀՀ Անկախության 20-ամյակին, հնարավորություն տվեց ստեղծագործել արդեն անվանի վարպետների կողքին:

  Մարտ ամսվա ավարտին իր բացումն ազդարարած ցուցահանդեսին մեր ուսանողներից յուրաքանչյուրը ներկայացրել է մոտ 60 աշխատանք, որտեղ պատկերված են մարդկային ֆիգուրներ ու պլեներում կատարված կենդանիների պատկերներ: Ցուցահանդեսում ընդգրկված են մեկ տարվա ընթացքում գերազանցապես գրաֆիտով արված գործեր, առկա են նաև 3-4 ջրաներկ աշխատանքներ:

  Դեռևս բացման օրից ցուցահանդես են այցելում ոչ միայն համալսարանի ուսանողները, դասախոսները, այլ բազում հյուրեր, անվանի նկարիչներ: Նկատելի են դրական արձագանքներն ու կարծիքները, որոնք երիտասարդ նկարիչներին հաջողություն են խոստանում ստեղծագործական ասպարեզում:

Լազարևա Մարիա

Փետրվար. Ամսվա լավագույն ուսանող Հմայակ Գրիգորյան

    Հարգելի ընթերցողներ, մեկնարկվում է ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի բլոգի «Ամսվա լավագույն ուսանող» անվանակարգը:

   Փետրվար ամսին ուսխորհրդի անդամների որոշմամբ լավագույն ուսանող ընտրվեց Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Հմայակ Գրիգորյանը:

Հմայակ Մհերի Գրիգորյանը ծնվել է Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա (նախկին Բոգդանովկա) քաղաքում: Ավարտելով տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 2002- 2003թթ ընդունվել է Երևանի ՀԲՀ համալսարանի հագուստի գեղարվեստական մոդելավորման ֆակուլտետը:

   Այնուհետև 3-րդ կուրսից, սոցիալական խիստ սուղ պայմաններից ելնելով, կամովին հեռացել է համալսարանից: Վերադառնալով ծննդավայր` ակտիվորեն աշխատել է մի շարք միջազգային կառույցներում, ինչպիսիք են BBC, World Vision in Georgia, CTC, CHF, Հարավային Դարպասներ շաբաթաթերթում և այլն: Ակտիվ մասնակցել  է  ինչպես Վրաստանւմ, այնպես էլ եվրոպական երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին:

   Լինելով բնավորությամբ ուսումնատենչ անձ և թերի համարելով ստացած ուսումը` 2007թ. ընդունվել է ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժինը և ավարտել այն 2011թ-ին: Այժմ ուսումը շարունակում է ՀՊՄՀ նույն բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսում:

  Հմայակն իր ուսման տարիներին ունեցել է անհատական ցուցահանդես, ինչպես նաև մասնակցել տարբեր խմբակային ցուցահանդեսների: Փետրվար ամսին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Ջավախքյան գույներ» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցում էր նաև Հմայակը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջավախք» երիտասարդական հիմնադրամի ջանքերով:

Նյութը պատրաստեց Լազարևա Մարիան

«Ջավախքյան գույներ» ցուցահանդես

Փետրվարի 25-ին տեղի ունեցավ «Ջավախքյան գույներ» խորագրով ցուցահանդեսի բացումը Ժամանակակից արվեստի թանգարանում: Ցուցահանդեսի մասնակիցների թվում է նաև ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հմայակ Գրիգորյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 1-ը:

Ցուցահանդես

«Ջավախքյան գույներ»

Բացումը փետրվարի 25-ին, ժ. 14:00

Հասցե ք. Երևան, Մաշտոցի 7

Դեբեդի հովտի գույները՝ նկարչի տանը

Անցած ամառ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախաձեռնությամբ, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների, Հայաստանի նկարիչների միության եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ Լոռվա ձորի հպարտության Դեբեդ գետի Զիկատար անտառախիտ վայրում «խարիսխ» գցեցին տարբեր ձեռագրեր ունեցող 28 հայ նկարիչներ, որոնք կտավին հանձնեցին գեղաշխարհի չքնաղ պատկերները՝ բնանկարներ, ճարտարապետական հուշարձաններ, գյուղական տեսարաններ եւ այլն։
Կատարված աշխատանքների մի մասը անցած ամսին ցուցադրվել է Վանաձորում, որպեսզի տեղաբնակները տեսնեն, թե ինչու էին հայ նկարիչները սլացել դեպի Դեբեդ եւ այնտեղ ինչ են «գտել» նրանք։
Իսկ վրձնված 150 աշխատանք՝ «Լոռվա ձոր. Դեբեդի հովտի գույները» խորագրով, երեկ ներկայացվեց Հայաստանի նկարչի տան առաջին հարկի մեծ ցուցասրահում։
Բացման արարողության ժամանակ դիմելով ներկաներին, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը «Հայկական ներկանպակ» նկարչական փառատոնի դեբեդյան «դեսանտը» անվանեց Դեբեդի ափի յուրատեսակ հետազոտություն՝ Լոռու եւ Տավուշի միախառնուրդով։
«Հիմա մի փոքր ցուրտ է, կաշխատենք համառոտ լինել, որպեսզի ներսում ավելի շուտ ջերմանաք ցուցահանդեսի տաք գույներից»,–ասաց նա, ցուցահանդեսի բացումը ողջունելով նաեւ «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանի անունից, որը բացակայում է հանրապետությունից։
Անցած ամառ Լոռվա ձորում են եղել նաեւ Հայաստան ժամանած ռուս եւ բելառուս մի խումբ նկարիչներ, որոնցից Լոռում ստեղծած 11 աշխատանք նույնպես ընդգրկված է ցուցադրությունում։
Լեռնային կածաններով գրեթե մագլցելով, մեր նկարիչները լեռնագնացներ են դարձել, որպեսզի պատկերեն անմատչելի վայրերում դեռեւս կանգուն մնացած մեր ճարտարապետական հուշարձանները։
Հայ նկարիչներին իր ջերմությունը հաղորդեց նաեւ ճանաչված երգչուհի Արմենուհի Սեյրանյանը՝ նրանց համար կատարելով «Ասում են՝ ուռին» երգը Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից։
Ցուցահանդեսը ողջունեցին ՀՆՄ նախագահ Կարեն Աղամյանը, արվեստաբան Արմեն Գասպարյանը եւ ուրիշներ։ Փառատոնը համակարգող, գեղանկարիչ Գագիկ Ավետիսյանը բոլոր նկարիչների անունից (90–ամյա Արմեն Աթայանից մինչեւ 18–19 տարեկան ուսանողներ) շնորհակալություն հայտնեց «Փյունիկ» հիմնադրամին եւ «Լոռվա ձոր» հայրենակցական միությանը, որոնք արվեստագետների համար ստեղծել էին բոլոր պայմանները՝ ազատ, անկաշկանդ ստեղծագործելու, նաեւ հայրենի բնության գրկում իրենց հանգիստը կազմակերպելու համար։

http://www.hhpress.am/?sub=hodv&hodv=20111130_7&flag=am

Գեղանկարչությունն իմ կյանքն է

Դեկտեմբերի 20-ից ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի միջանցքի սրահում ցուցադրվում են Կերպարվեստ և գծագրություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Գրիգոր Գինոսյանի գունանկարները: Գրիգորը նկարիչ Ավետիք Հակոբյանի ուսանողն է, և ինչպես վարպետի ուսանողներն են նշում, Գրիգորի կտավները իսկապես կրում են նրա ձեռագիրը:

Մեր ֆակուլտետի ուսանող Գրիգոր Գինոսյանի գործերը կցուցադրվեն դեկտեմբերի 20-27-ը: Շուրջ մեկ շաբաթ մեր ֆակուլտետի միջանցքը գունավորված կլինի մեր ուսանողի ստեղծագործությունների վառ գույներով` կանաչ, դեղին, նարնջագույն…

Գեղարվեստի ֆակուլտետի 2011 թվականի լավագույն ուսանողը

Մեր ֆակուլտետում արդեն ավանդույթ է դարձել մեր ուսանողների աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպումը հենց մասնաշենքի միջանցքնի սրահում: Հոկտեմբերի 22-ից սկսած մոտ տասը օր ֆակուլտետի միջանցքում ցուցադրվում էին Կերպարվեստ և գծագրություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Շահվերդյանի ստեղծագործությունները, որոնց մեջ կային և՛ գրաֆիկական, և՛ գեղանկարչական աշխատանքներ:

Դավիթը մշտապես աչքի է ընկել իր ինքնատիպ մտածելակերպով, ցանկացած երևույթի հանդեպ իր յուրովի մոտեցմամբ, վառ երևակայությամբ, ինչն էլ լավ արտահայտված է նրա ստեղծագործությունների թեմաներում, վերնագրերում, կատարման ձևի մեջ:


2011-ը բավականին բարեհաջող տարի եղավ Դավիթի համար: Նա ճանաչվեց ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի լավագույն ուսանող` շնորհիվ ուսման մեջ առաջադիմության և ստեղծագործական ակտիվության:

ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի բոլոր դասախոսներն ու ուսանողները շնորհավորում են Դավիթին իր բոլոր հաջողությունների համար և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Մեր ֆակուլտետի ամենամյա աղավնաձորյան պրակտիկան

  Մոտ մեկ ամսի առաջ ավարտվեց ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի կերպարվեստ և գծագրություն, կերպարվեստի պատմություն և տեսություն բաժնի առաջինից երրորդ կուրսի ուսանողների ամենամյա պրակտիկան, որն անց է կացվում Աղավնաձորում: Վստահաբար կարող ենք ասել, որ ուսումնական պրակտիկան շատ սիրելի է ուսանողների համար, քանի որ բացի ամառային հանգստից, նրանք հնարավորություն են ունենում ստեղծագործել բնության գրկում, ինչպես նաև ֆակուլտետի շրջանակներից դուրս ծանոթանալ և մտերմանալ միմյանց հետ: Պրակտիկային մասնակցած բոլոր ուսանողներն էլ վերադառնում են վառ տպավորություններով, նոր ընկերներով և ամենակարևորը՝ նոր ստեղծագործություններով, որոնք, ի դեպ, շուտով կներկայացվեն ցուցահանդեսի ժամանակ:

Ուսանողների պրակտիկան անց է կացվել հետևյալ օրակարգով.

 12. 07. 2011 - ԱՂԱՎՆԱՁՈՐ
 13. 07. 2011 - ԳԵՏ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 14. 07. 2011 - ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԵՍԱՐԱՆ
 15. 07. 2011 - ԾԱՂԿԱՁՈՐ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 16. 07. 2011 - ԲՆԱՆԿԱՐ, ԿԱԿԱՉՆԵՐ
 17. 07. 2011 - ՏՐԴԱՏԱՎԱՆՔ
 18. 07. 2011 - ՄԱՐԳԱԳԵՏԻՆ
 19. 07. 2011 - ԲՋՆԻ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 20. 07. 2011 - ԹԵՂԵՆԻՍ, ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ
 21. 07. 2011 - ԴԻՄԱՆԿԱՐ ԿԱՄ ՖԻԳՈՒՐԱ
 22. 07. 2011 - ԲՆԱՆԿԱՐ
 23. 07. 2011 - ՍՏՈՒԳԱՐՔ
 24. 07. 2011 - ԵՐԵՎԱՆ

   12 օր ուսանողների հետ Աղավնաձորում իրենց հանգիստն են անցկացրել և ստեղծագործել նաև մեր ֆակուլտետի դասախոսները, ովքեր ուսանողներին աջակցել և օգնել են խորհուրդներով ու մոտեցումներով: Պրակտիկային մասնակցող ուսանողների խմբերը ղեկավարել են Լեմս Ներսիսյանը, Սևադա Սարգսյանը, Նիկոլ Աղաբաբյանը, Սոս Հարությունյանը, Մարտիրոս Բադալյանը, Վանանդ Շիրազ-Կարապետյանը և Լիլիթ Բաչաչյանը:

    Ամենամյան այս պրակտիկան, բացի իր ուսումնական նպատակներից նպաստում է նաև ֆակուլտետի ուսանողների և դասախոսների անմիջական շփմանը և փորձի փոխանակմանը: Ստորև ներկայացնում ենք Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող Դավիթ Դավթյանի կողմից մեզ տրամադրած լուսանկարները, ով ողջ պրակտիկայի ընթացքում մեր ֆակուլտետի ուսանողների կողքին էր:

Տեղեկության համար շնորհակալություն ենք հայտնում ՀՊՄՀ Գեղարվեստի ֆակուլտետի դասախոս, գեղանկարիչ Սևադա Սարգսյանին http://sevada-sargsyan.do.am/

«Ռաֆայել Սանտի և Բրամանտե» (ռեֆերատ)

Խաչատրյան Մանեի ռեֆերատը Ռաֆայել Սանտիի և Բրամանտեի  մասին (նկարազարդումներով):

Դասախոս՝ Զառա Մալոյան

2010 թվական

Բեռնել 444 KB 

 

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 984 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: