«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մեր մասնակիցները

Հայաստանում արդեն ավանդական դարձած  «Եվրոպական ժառանգության օրեր» տոնական միջոցառումները, կազմակերպված 2012թ. սեպտեմբերի 29-30-ին, հիանալի առիթ էին նորովի ճանաչելու հազարամյակների ճանապարհ անցած հայոց մշակութային ժառանգությունը:
Այդ մշակութային ծրագրի միջոցառումների մաս էր հանդիսանում Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում 2012թ. սեպտեմբերի 29-ին «Ավանդական տարազից Եվրոպական հագուստ»  և «Հայկական ասեղնակարերի հմտությունները» ցուցահանդեսների կազմակերպումը: Ցուցահանդեսներին ներկայացված էին ասեղնագործություններ, ավանդական տարազներ և ժամանակակից հագուստներ: Ցուցադրություններն ուղեկցվում էին զրույց-քննարկումներով, որոնք վարում էր Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտական մասով տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:
«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մասնակից դիզայներներին տրվեցին շնորհակալագրեր: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Եղիազարյանը, ում «Եվրոպական» անվանակարգում շնորհվեց լավագույն մրցանակը, և նույն ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մելիքյանն ու մագիստրատուրայում սովորող Լիաննա Ամրոյանը, ովքեր արժաանացան շնորհակալագրերի:

Реклама

«Հագուստի մոդելավորում» մասնագիտություն

2009թ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետում ստեղծվեց Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը: Ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

2012թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետում բացվել է «Հագուստի մոդելավորում»  մասնագիտացված  բաժինը:

            Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է հայկական հագուստի մոդելավորման նոր դպրոց:

            «Հագուստի մոդելավորում» մասնագիտության գծով ռեկտորատի կողմից հաստատված ծրագրի համաձայն` «Հագուստի մոդելավորում» որակավորմամբ բարձրագույն չորսամյա կրթություն ստացող ուսանողներին շնորհվում է բակալավրի աստիճան:

Ուսումնառության ողջ ընթացքում ուսանողները հատուկ մասնագիտական դասընթացների միջոցով ձեռք են բերում հիմնարար գիտելիքներ կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի տեսական հիմունքների, հագուստի մոդելավորման կոմպոզիցիայի, հագուստի նախագծման և կոնստրուկտավորման, տեխնոլոգիայի,  նորաձևության ժամանակակից միտումների, գործվածքի դիզայնի, ստեղծագործական տեխնիակայի լսարանային և գործնական առաջադրանքներից:

Դասընթացները անցկացվում են վաստակաշատ և փորձառու մասնագետների  ղեկավարությամբ:

            Ուսանողները պարբերաբար մասնակցում են «հագուստի դիզայնի» միջազգային սեմինարների, master class-երի, նորաձևության ցուցադրությունների:

            2012թ. փետրվարի 2-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում մեր բաժնի ուսանողները մասնակցեցին բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված «Նորաձևության ճանապարհ»` երկխոսություն սահմանների խաչմերուկում ծրագրի նախագծին, որը համախմբել էր հայ և եվրոպացի հինգական նկարիչ – մոդելավորողի Հայաստանից, Միացյալ  թագավորությունից, Չեխիայից, Դանիայից, Ռումինիայից և Գերմանիայից:  2010թ. փետրվարի 28-ին ամբիոնը կազմակերպել է ուսանողական ցուցահանդես ՀՀ Նկարիչների միությունում, որտեղ ներկայացված էին միայն դեկորատիվ-կիրառական բնույթ կրող աշխատանքները: Ցուցահանդեսն առաջին էր Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Գեղարվեստի ֆակուլտետի պատմության մեջ:

Ամեն տարի դասախոսները հրատարակության են ներկայացնում բազմաթիվ գիտական հոդվածներ և պարբերաբար մասնակցում ստեղծագործական ցուցահանդեսների, միջազգային գիտաժողովների:

            Ամբիոնի վարիչն է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անուշ Կարապետի Եղիազարյանը:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 136 959 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: