ՀՀ Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձ

 

 

2001 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ռոբերտ Քոչարյանը հաստատեց ՀՀ զինված ուժերի զինանշանը: Զինանշանը պատկերված է վերևում` ուղղանկյուն, ներքևում` կիսաշրջանաձև վահանի վրա: Վերին եզրում հորիզոնական կապույտ ֆոնի վրա սպիտակ տառերով գրված է` «ՀԱՅԱՍՏԱՆ», ներքևում` կիսաշրջանին համապատասխան` կապույտ գույնով «ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» բառերը:

Վահանի մնացյալ դաշտը զինանշանային (հերալդիկ) տարրերով կազմված է հետևյալ պատկերային մասերից. Կենտրոնում պատկերված է թևատարած արծիվ` գլխով դեպի աջ շրջված, արծվի յուրաքանչյուր թևը բաղկացած է յոթական փետուրից (7 թիվը խորհրդանշում է արարչական շաբաթվա օրերի թիվը, կարող է արծվի գլխի հետ հասկացվել նաև պատմական Հայաստանի 15 նահանգները):Արծիվն իրականացված է մուգ կապույտ գույնով և կենտրոնական կերպար է զինանշանի վրա: Խոհրդանշում է ուժ, հզորություն, խորաթափանցություն, սլացք, կամք: Իհարկե, այդ բոլոր հատկանիշները բնութագրական են երկրի պահապան բանակին:

Արծվի գլուխը պատկերված է արևի կլոր սկավառակի վրա, որը նույնպես իմաստավորվում է. քանի դեռ կա արևը, կլինեն նաև Հայաստանն ու Հայոց զինված ուժերը:Արևի ճառագայթների վրա, արծվի թևերի բացվածքի մեջ պատկերված է Հայաստանի պետական խորհրդանիշ եռագույն դրոշը, որը հավաստում է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են պետության հովանու ներքո:Արծվի մարմինը կազմում է հայկական կլոր վահանը` իրականացված ծիրանագույնի մուգ ու բաց երանգներով: Վահանը խորհրդանշում է, որ զինված ուժերը երկրի գոյության պատվարն ու պահապանն են:
Վահանի ներսում պատկերված է հավասարաթև խաչ, որ մեր քրիստոնեական ժառանգորդության ու հավատի առհավատչյան է:

Զինանշանային վերջին տարրը սուրն է: Այն հորիզոնական դիրքով գտնվում է վահանի տակ: Աջ կողմում երևում է սրի կոթը, ձախ կողմում` սրի ծայրահատվածը: Սուրը խորհրդանիշն է մշտարթուն վիճակի և հանուն հայրենյաց պատրաստ է իջնել թշնամու գլխին: Զինանշանային պատկերագրության առումով, իր երևացող հատվածներով, սրի մասերը նաև խորհրդանշում են արծվի ճանկերը` ամբողջացնելով արծիվ-զինված ուժեր խորհրդանիշը:

ՀՀ զինված ուժերի զինանշանի հեղինակներն են նկարիչներ Ռուբեն Արուտչյանը և Գագիկ Աբրահամյանը:

http://hovsepgevorgyan.wordpress.com

 

Реклама

«Մանկավարժական համալսարան» թերթ 30 նոյ. 2011 թիվ 16

«Մանկավարժական համալսարան» թերթի այս համարում կգտնեք  մեր ֆակուլտետի ուսանողների ցուցահանդեսների մասին նյութեր, «Կարուսել» ներկայացման մասին փոքրիկ հոդված, ինչպես նաև Լազարևա Մարիայի հոդվածը «Քարե առասպելների ճակատագրերը» խորագրով:

Բեռնել թերթը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մայիսի 2005 թվականի N 630-Ն

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հաստատել մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության անցկացման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. մայիսի 30
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 12-ի N 630-Ն որոշման

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով և չափորոշիչներով սահմանվում են մշակութային արժեքների (այսուհետ` արժեք) արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) անցկացման կարգը և չափորոշիչները:

2. Փորձաքննությունն իրականացնում են համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք՝ սույն կարգով և չափորոշիչներով նախատեսված արժեքների փորձաքննության տեսակներին ու չափորոշիչներին համապատասխան:

II. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

3. Փորձաքննությունն իրականացվում է երկու` պարզ փորձաքննության և համալիր փորձաքննության եղանակով:

4. Պարզ փորձաքննությունն արժեքի տեսողական (վիզուալ) ու մասնագիտական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրման եղանակով իրականացվող փորձաքննությունն է:

5. Համալիր փորձաքննությունն արժեքի պարզ փորձաքննությամբ և տեխնոլոգիական` ֆիզիկաքիմիական ու կենսաբանական եղանակով` տեխնիկական միջոցներով իրականացվող փորձաքննությունն է: Համալիր փորձաքննությունն իրականացվում է պարզելու համար`

ա) հեղինակային ստորագրությունն ու նշումները, դրոշմներն ու կնիքները,

բ) կեղծման, վերականգնման հետքերն ու նշանները,

գ) ստեղծման վայրի, ժամանակի, հումքի, պատրաստման տեխնոլոգիայի մասին տվյալները:

III. ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

6. Արժեքների փորձաքննության չափորոշիչներն են՝

ա) անվանումը, վերնագիրը,

բ) հեղինակը,

գ) վարպետը, արտադրողը, հրատարակիչը,

դ) տիպը, ուղղությունը, դպրոցը,

ե) ստեղծման ժամանակը,

զ) ստեղծման վայրը,

է) իսկությունը (բնօրինակ կամ կեղծ լինելը),

ը) նյութը,

թ) ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ, քաշ), հարգը,

ժ) արժեքի էթնիկական պատկանելությունը, ստեղծողի էթնիկ պատկանելությունը,

ժա) տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),

ժբ) պատրաստման տեխնիկան,

ժգ) հեղինակի ստորագրությունը,

ժդ) դրոշմը, կնիքը, արձանագրության հատուկ նշանները,

ժե) առարկայի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված` մանրամասն նկարագրությամբ),

ժզ) առարկայի գինը,

ժէ) առարկայի մշակութային նշանակությունն ու կարևորությունը:

IV. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

7. Արժեքի սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը (այսուհետ` պատվիրատու) արժեքի մասին փորձագիտական եզրակացություն ստանալու համար գրավոր դիմում է փորձաքննություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձին:

8. Դիմումում նշվում են`

ա) պատվիրատուի անվանումը և գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար՝ անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, հեռախոսահամարը, անձնագրի սերիան և համարը),

բ) առարկայի անվանումը, քանակը, փորձաքննության նպատակը՝ առարկայի իսկության պարզում, առարկայի արժեքն ըստ պատվիրատուի, հայտարարություն սեփականության մասին:

9. Դիմումին կից ներկայացվում են արժեքի 9 x 12 չափսի 2 գունավոր լուսանկար, ինչպես նաև արժեքին վերաբերող այլ տեղեկություններ և փաստաթղթեր (առկայության դեպքում), որոնք կօգնեն փորձաքննությանը:

10. Արժեքը պատվիրատուից ընդունվում է ժամանակավոր պահպանության, և տրվում է ստացական, որի ձևանմուշը հաստատում է լիազորված պետական մարմինը:

Ստացականը լրացվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը մնում է փորձաքննություն իրականացնողի մոտ:

11. Դիմումը գրանցվում է դիմումների գրանցամատյանում, որի էջերը համարակալված, կարված են և կնքված են լիազորված պետական մարմնի կնիքով:

12. Դիմումների գրանցամատյանը համարվում է հիմնական հաշվառման փաստաթուղթ: Գրանցամատյանում գրանցման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

13. Դիմումի գրանցման համարը տվյալ պատվիրատուի գործի ծածկագիրն է` գրանցման թվի, օրվա, ամսվա և տարեթվի հաջորդականությունը պարունակող նիշերով:

14. Գործը կազմվում է պատվիրատուի դիմումից, փորձագիտական եզրակացության պատճենից, արժեքի լուսանկարից և այլ փաստաթղթերից:

15. Գործը պահվում է անժամկետ։ Փորձաքննություն իրականացնող լիցենզավորված անձը պատասխանատու է պատվիրատուի մասին տվյալների գաղտնիության համար:

16. Փորձաքննության տեսակն ընտրվում է արժեքի նախնական զննման արդյունքում՝ ոչ ուշ, քան 2 օրվա ընթացքում: Փորձաքննության ընթացքում, կողմերի համաձայնությամբ, փորձաքննության տեսակը կարող է փոխվել:

17. Փորձաքննություն իրականացնող անձի և պատվիրատուի միջև կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

18. Փորձաքննության սկիզբ է համարվում ստացականը տալու օրը, իսկ փորձաքննության ավարտ` պատվիրատուին փորձագիտական եզրակացությունը հանձնելու օրը:

Փորձաքննության առավելագույն ժամկետ է սահմանվում 15 օրը` բացառությամբ այն դեպքերի, երբ, կողմերի համաձայնությամբ, այն երկարաձգվում է որոշակի ժամկետով:

19. Փորձաքննության վճարի չափը և փորձաքննության անցկացման ժամկետի խախտման համար կողմերի փոխադարձ պատասխանատվությունը սահմանվում են պայմանագրով:

20. Փորձաքննություն իրականացնող անձն արժեքի ընդունման պահին ունեցած վիճակի փոփոխման համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

21. Առանց սեփականատիրոջ գրավոր համաձայնության փորձաքննության ներկայացված արժեքը չի կարող օգտագործվել գիտական ուսումնասիրման համար, կամ չի կարող հրապարակվել դրա մասին տեղեկատվություն:

22. Փորձագետը պատասխանատու է փորձագիտական եզրակացության արժանահավատության և օբյեկտիվության համար: Փորձագետը կեղծ փորձագիտական եզրակացություն տալու համար կրում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

23. Եթե փորձաքննության արդյունքում բացահայտվում է, որ արժեքը գողացված է կամ գտնվում է հետախուզման մեջ, փորձաքննություն իրականացնող անձը դրա մասին տեղյակ է պահում իրավապահ մարմիններին:

V. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

24. Փորձաքննության տեսակին և փորձաքննության չափորոշիչներին համապատասխան իրականացված փորձաքննության արդյունքում պատվիրատուին տրվում է փորձագիտական եզրակացություն:

25. Փորձագիտական եզրակացությունը լրացվում է հայերեն` տպագիր, և ներառում է`

ա) փորձագիտական եզրակացությունը (հնգանիշ համար),

բ) փորձաքննությունն իրականացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձի լրիվ անվանումը,

գ) արժեքի անվանումը,

դ) արժեքի գիտական նկարագրությունը,

ե) արժեքի ստեղծման տարեթիվը (թվագրումը), հրատարակման տարեթիվը,

զ) արժեքի ստեղծման վայրը՝ երկիրը, հրատարակության վայրը, հրատարակչությունը,

է) արժեքի նյութը,

ը) արժեքի ֆիզիկական չափսերը (երկարություն, լայնություն, բարձրություն, տրամագիծ), քաշը, հարգը, էջերի թիվը, տպաքանակը և այլն,

թ) արժեքի պահպանվածությունը (ամբողջական, մասնակի, վերականգնված՝ մանրամասն նկարագրությամբ),

ժ) արժեքի պատրաստման տեխնիկան, տեխնիկական-տեխնոլոգիական բնութագիրը (ֆիզիկաքիմիական, կենսաբանական փորձաքննության արդյունքները),

ժա) հեղինակը (ստեղծողը),

ժբ) արձանագրության, ստորագրության, դրոշմի, կնիքի վերծանությունը, հատուկ նշաններ,

ժգ) ժողովուրդը, էթնիկական խումբը, դպրոցը,

ժդ) արժեքի՝ իր տեսակի կամ տիպի մեջ առանձնահատուկ լինելը,

ժե) արժեքի` պատմական, հնագիտական, ազգագրական, գեղարվեստական, կրոնական, մշակութաբանական, արվեստաբանական կամ գիտական հատուկ հետաքրքրություն ներկայացնելը,

ժզ) արժեքի` պատմամշակութային զարգացման վկայագիր-վավերագրի նշանակություն ունենալը,

ժէ) արժեքի` ազգային պատմամշակութային ժառանգության համար կարևոր նշանակություն ունենալը,

ժը) համաշխարհային մշակութային ժառանգության համար հետաքրքրություն ներկայացնելը,

ժթ) գինը (Հայաստանի Հանրապետության արժույթով),

ի) փորձաքննություն իրականացնող անձի կնիքը և ստորագրությունը (իրավաբանական անձի դեպքում` նաև փորձագետի ստորագրությունը),

իա) տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը։

26. Սույն բաժնի 25-րդ կետի «ժդ», «ժե», «ժզ», «ժէ» և «ժը» ենթակետերի պատասխանները փորձագիտական եզրակացության մեջ արտացոլվում են, եթե ներկայացված առարկան մշակութային արժեք է և համապատասխանում է նշված ենթակետերից որևէ մեկի պահանջին:

27. Փորձագիտական եզրակացությունը վավերական է արժեքի լուսանկարի առկայությամբ, որի շրջերեսին փորձաքննություն իրականացնող անձը լրացնում է արժեքի հիմնական չափորոշիչները (անվանումը, հեղինակը, ստեղծման տեղը, ժամանակը, չափսերը)։


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան


Լերմոնտովի «Դևը» պոեմի նկարազարդման էսքիզներից: Մ. Վրուբել

Օրիգինալը` http://laz-arev-a.livejournal.com

Մշակը

 

 

Մշակույթ ստեղծելու համար Հայաստանում այսօր անհրաժեշտ է մշակ: Ավելի գիտական լեզվով ասած` պոստմոդեռնից խոսալուց առաջ Հայաստանը դեռ պետք է անցնի լիարժեք մոդեռնացման շրջան: Ավելին` կարելի է ենթադրել, որ Հայաստանում ավարտին չի հասցվել, ոչ միայն արդիական, այլև քրիստոնեական լուսավորչականության նախագիծը: 

Այս իմաստով, որքան էլ տարրօրինակ չհնչի, նախ պետք է դեռ քրիստոնեացնել Հայաստանը, համաձայն ճիշտ ավետարանական` «առաջինները վերջիններ կլինեն» մարգարեության: Պոստմոդեռն վիճակը Հայաստանում արհեստածին է, քանի դեռ այն ներքուստ չի հասունացել լիարժեք ազգային մոդեռնից:

Ինչպիսի՞ մշակութային լանդշաֆտ ունենք այսօր: Դրա կարևոր բաղկացուցիչ մասերն են.
ա. Սովետական անավարտ և ձախողված մոդեռնիզացիայի ավերակ բեկորները,
բ. նախամոդեռն, որը հայտնի է ռաբիզ կամ «քյարթու» անուններով,
գ. առանձին տարրեր, որոնք պայմանականորեն կարող ենք անվանել «պոստմեդեռն»` «քայքայման պոստմոդեռն», «սալոնային պոստմոդեռն», «կենցաղային պոստմոդեռն», «արևելյան պոստմոդեռն»:

 

Երեք այս բաղադրիչները  «փոխհամագործակցության» մեջ են, և հետևաբար` դրանց միջև եղած սահմանները միշտ չէ որ հստակ են: Հիմա այս բաղադրիչներից յուրաքանչյուրը դիտարկենք ավելի մանրամասն:

 
Սովետական մոդեռնի բեկորները

 

 Սրանք ներկայացված են մի կողմից` գործարանային «մենաստանների» մեծ և փոքր ավերակներով` հետինդուստրիալ բնապատկերով, իսկ մյուս կողմից` «մարդկային ավերակներով», որը ծանոթ է «ազգային մտավորականություն» անունով: (Փակագծերում նկատենք, որ շինությունների ավերակները շատ ավելի գեղատեսիլ և վեհ տեսք ունեն, քան երկրորդները, շնորհիվ այն հանգամանքի, որ «ազգային մտավորականությունը», ի տարբերություն գործարանային շենքերի, չի գիտակցում իր բացարձակ անհեթեթությունը և անհամարժեքությունը նորօրյա պայմաններում):

 

Կան մի քանի ենթաշերտեր, որոնց կարելի է բաժանել ըստ «ժամանակագրական» սկզբունքի` ա. 60-70-ական թթ.-ի մեջ ապրողներ, բ. 80-ական-90-ականների մեջ ապրողներ (2000-ական թթ.-եր ըստ իս Հայաստանում ընդհանրապես «չի եղել»): Ազգային մտավորականությունը քարշ է տալիս մի իսկական հետմահու կյանք, որը կարելի է բնութագրել որպես «սոցիալիստական սյուռեալիզմ»: Ընդ որում, պարադոքսալ է, բայց այս շերտի գոյության այս կերպը ինչ որ իմաստով կարելի է «պոստմոդեռն» համարել: Սակայն սա շատ յուրահատուկ` «քայքայման պոստմոդեռն է», որը ոչ թե մոդեռնի հաղթահարման, այլ դրա նեխման արդյունք է: Դա նույնն է, ինչ ինդուստրիալ բնապատկերները, որ պայմանական կոչում ենք հետինդուստրիալ, բայց ոչ թե այն հիմքով, որ դրանք անցում են դեպի արտադրության նոր փուլ: Դրանք ինդուստրիայի քայքայումն են ներկայացնում:

«Ազգային մտավորականության» կարևոր հատկանիշն  է իր մոդեռնի արդյունք և, առավել ևս,  մոդեռնի ավերակ լինելու գիտակցության բացարձակ բացակայությունը, որով և բացառվում է այդ շերտի մուտքի հնարավորությունը 21 դարի համատեքստ, և հետևաբար` արդյունավետ գործունեության վերածավալումը: Այս իմաստով սոցիալիստական սյուռեալիզմը շատ ավելի վտանգավոր է քան սոցռեալիզմը, քանի որ «ազգային մտավորականության» մերօրյա «մտագործունեությունը» ոչ միայն անիվի պարապ շրջադարձ է ներկայանում, այլև ռադիոակտիվ թափոնի նման ուղղակի թունավորում է շրջակա միջավայրը: «Ազգային մտավորականությունը» դատապարտված է ազգին առաջնորդել դեպի հերթական հայկական աղետ:

 

«Ազգային մտավորականությունը» երևակայում է իր կապը ազգային ավանդույթի հետ, սակայն իրականում, լինելով սովետական կայսրության պրոդուկտ, նվազագույն աղերս ունի դրա հետ:  
«Ազգային մտավորականության» «ազգային գաղափարախոսությունը» որոշակի սպեցիֆիկ պայմաններում գոյացած մի կաղապար է, որը որոշ դրական դեր կարող էր կատարել միայն այդ սպեցեֆիկ պայմաններում, բայց ազգայինը մենաշնորհելու հավակնությունները բացարձակ անհամարժեք են իրականությանը:

Ասվածը չի նշանակում, որ «ազգային մտավորականությունը» երբեք չի ունեցել դրական դերակատարում: Ճիշտ հակառակը` իր ժամանակի մեջ նա իրոք եղել է կոչմանը համապատասխան տեղում: Ավելին, որքան էլ տարօրինակ չէ, այնուամենայնիվ,  նոր ինտելեկտուալ խավի ձևավորումը է պետք է իրականանա «ազգային մտավորականության» հումքով, իսկ հնչեցված կտրուկ բնութագրումները կարելի է դիտել որպես ինքնաքննադատություն:

 
Նախամոդեռնը

 

 Ռաբիսը կամ «քյարթը» մաքուր նախամոդեռն չէ: Եթե հիշենք ռաբիս եզրույթի երաժշտական ակունքները, ապա դա հենց որոշակի մոդեռնիզացիայի ենթարկված ավանդական արևելյան ոճն է:

 

 Այնուամենայնիվ ռաբիսը պահպանում է իր շեշտված կապը նախամոդեռնի, հայկական կենցաղային մշակույթի արևելյան տարրի` «Երևանի խանության» հետ, որով այն շարունակում է ավանդապես մնալ «ազգային մտավորականության» հարձակումների թիրախը: Մինչդեռ «սալոնային պոստմոդեռնը» ժամանակ առ ժամանակ կարող է կոկետ «խաղեր տալ»  ռաբիսի հետ` որպես «մոդեռնի» դեմ իր բնական դաշնակցի: Ռաբիսի ակունքները շատ հին են: Դա նույնն է, ինչ Փավստոսի`  «զիւրեանց երգս առասպելաց զվիպասանութեանն», որոնց «սիրեցեալք…. բարբարոս խուժադուժ միտս ունելով»: Դա նույնն է, ինչ Լամբրոնացու հիշատակած` «սովորութիւնքն» «Պարսիցն` յորոց միջի իւրեանք են, և ընտելութեամբն նոցա կրթին»:

Կարելի է գրեթե համոզված ենթադրել, որ ռաբիսի դեմ պայքարել են ոչ միայն միջնադարյան «վանական մտավորականության» շրջանում, այլ ավելի վաղ` դեռ Արտաշես 1-ի և Տիգրան Մեծի հելենիստական նախագծի համատեքստում, եթե ոչ Արգիշտու ժամանակներից: Մշտապես քննադատվող և ճնշված, դատապաշտպան ու խոսնակ չունեցող, սակայն չափազանց կենսունակ այդ «ազգային» ավանդույթը մեր օրերում անսպասելի շանս ձեռք բերեց` շնորհիվ Արևմուտքից ներմուծվող պոստմոդեռնի տարրերի հետ յուրահատուկ փոխգործակցության: Դարերի, նույնիսկ հազարամյակների ընթացքում առաջին անգամ ռաբիսը ոչ թե պաշտպանվում է, այլ նաև` գրոհում :

 
Սալոնային պոստմոդեռն

 

 Սա «ազգային մտավորականությունից» անջատված այն խմբերն ու անհատներն են, որ ծանոթ են պոստմոդեռնին նվիրված արևմտյան գրականությանը: Սա շատ բազմերանգ խումբ է: Ընդ որում` դրա ներկայացուցիչների զգալի մասի «պոստմոդեռնը» զուտ տեսական է, քանի որ մտածողությամբ նրանք տիպիկ «մոդեռնականներ» են, մտածում են մոդեռնի` «մեծ նախագծերի» կատեգորիաներով, զուրկ են «պոստմոդեռնիստական իրոնիայից» և ցանկանում են փոխել աշխարհն ու հատկապես Հայաստանը:
Մյուս կողմից` նրանցից շատերը ոչ մի պարագայում չեն ցանկանում պոստմոդեռնի ակնհայտ տարրեր տեսնել հայկական գորշ և քննադատելի իրականության մեջ, հատկապես` «արևելյան պոստմոդեռնի» երևույթը, իսկ սեփական «պոստմոդեռնիզմը» իմաստավորում են տիպիկ մոդեռնիստական կառուցվածքների շրջանակներում` «պոստմոդեռնը» ընկալելով որպես մոդեռնի շրջանին բնորոշ գաղափարական հոսանքների նման մի բան:

 

Սակայն որոշ նրբերանգներ կան: «Սալոնային պոստմոդեռնի» ներկայացուցիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը գիտակցում են «ազգային մտավորականության» հետ իրենց հակադրությունը, և շնորհիվ այդ հանգամանքի որոշակի շանս ունեն մի օր թևակոխել «իսկական» պոստմոդեռն, եթե վերջինս առհասարակ կարող է «իսկական» լինել: «Ազգային մտավորականության» քննադատությունը այս խմբի կողմից կարևոր դրական դեր ունի մտավոր դաշտը ավերակներից և «վթարային շինություններից» մաքրելու առումով:

 

 Կենցաղային պոստմոդեռն

 

 Սովետական քաղաքացիների մեծ մասը չեր կարող չլինել այսպես ասած «ենթագիտակցական» «կենցաղային պոստմոդեռնի» կրողն, քանի որ սովետական քաղաքացին տարիներ շարունակ ուղղակի «բռնաբարվել» է մոդեռնիստական նախագծային պաթոսով: Սովետական քաղաքացին վաղուց սովոր է թերահավատորեն վերաբերվել բարձր իդեալներին, մոբիլիզացման կոչերին, ապագայի կառուցմանը, առաջադիմությանը և այլն:

 

Այն ժամանակ, երբ Լիոտարը կարդում էր իր «Պոստմոդեռնի իրավիճակը» ելույթը, սովետական քաղաքացին իր այդ վիճակը արտահայտում էր քաղաքական անեկդոտներով, որոնք ծաղրում էին սովետական բարձր ոճի մոդեռնիստական հռետորականությունը:

Այսօր էլ նախկին սովետական քաղաքացին աշխարհում ամենաթերահավատներից է: Եթե սա բառիս նեղ իմաստով պոստմոդեռն չէ, ապա միևնույն` է դրա ակունքները մասամբ համընկնում են արևմտյան պոստմոդեռնի հետ` «մեծ նախագծերից» հոգնածությունը, իրոնիան և այլն:

 

 

                                                             Հրանտ Տեր-Աբրահամյան

                                  2008-12-10 http://www.prm.am կայքից


Ազգային ճարտարապետության և բնության միասնությունը

 Տարածության` հատկապես ժողովրդական տան կազմակերպման սկզբունքները Հայաստանում սերտորեն միահյուսված են ճանաչողական փորձի և հայրենի բնաշխարհի բնույթի զգացողության հետ: Հայաստանի բնաշխարհի երկակիության արտահայտությունը, ըստ մեզ, սերտորեն կապված է հայկական մշակույթի սինկրետիզմի հետ: Ուշադրության է արժանի պատմաբան Կ.Կոստանյանի դիտարկումը. «Լեռնային բարձունքների առատությունը Հայաստանում նախանշել է այն բազմաթիվ արգելքներն ու խոչընդոտները, որոնք դժվարացրել են հաղորդակցությունը եւ բնական պաշտպանական միջոցներ հանդիսացել թշնամու հարձակման ժամանակ: Իսկ գետերի առատությունը նախանշում էր մշակույթի բնական ուղեկիցների մեծ քանակությունը, որոնք հեշտացնում էին բնակչության շփումները և տարածում տեղական ստեղծագործությունները հարևան երկրներում: Հայաստանի պատմությունը և մշակույթը սերտ կապի մեջ են բնության այս երկու գործոնների հետ» (6): Հայկական բնապատկերը պարփակված է: Ողջ Հայաստանը լեռնաշղթաների և մշտապես փոփոխվող հեռանկարների համակարգ է: Հայաստանում անհնարին է տեսնել հորիզոնի գիծը: Հայաստանի բնապատկերը տեղական, պարփակված, «նեղ», համարյա միշտ դեպի վեր բացվող տարածությունների համակարգ է: Նույն տրամաբանությամբ կարելի է բնորոշել և հայկական մշակույթի զարգացումը. Այսպես՝ Հայաստանի միջով անցնող «աշխարհի ճանապարհները», ինչպես վերը նշվեց, նպաստում էին ազգային մշակույթի և արտաքին աշխարհի գլոբալ շփումներին: Սակայն «բացվածությունը» այն աստիճան զուգակցվում էր «պարփակվածության» հետ, որ տեղական մշակույթը, չնայած ակտիվ փոխազդեցությունների, ոչ «ճնշման» ենթարկվեց արտաքինի կողմից, ոչ էլ «հողմնահարվեց»: Հայկական ճարտարապետության տարածական-հատակագծային և հորինվածքային սկզբունքները հաստատում են ճարտարապետական և բնական տարածությունների սերտ փոխկախվածությունը: Բնապատկերի տեղայնությունը (լոկալությունը), առանձին մասերի մասնատվածությունը, երկարաձիգ տարածությունների բացակայությունն արտահայտվում են ճարտարապետության մեջ ծավալային լուծումների տեղայնությամբ: Բնական տարածության կոմպակտությունը, պարփակվածությունն արտահայտվում է նույնիսկ խոշոր վանքային համալիրների և բնակելի կառուցապատման (դարավանդային հորինվածքները, որտեղ տների միջև բացակայում են ազատ տարածությունները) կոմպակտության մեջ: Կարելի է ասել, որ հայկական ճարտարապետության ամենավառ առանձնահատկություններից մեկը արտաքին պարփակվածությունն է: Ժողովրադական տան` գլխատան հետ ծագումնաբանորեն կապված հայկական տաճարների, գավիթների, սեղանատների և այլ կառույցների ներքին տարածության հորինվածքը, ինչպես մեզ է թվում, բխում է բնապատկերի ընկալումից: Լեռների և տան պատերի, երկնքի և վրանաձև ծածկի միջև իմաստաբանական զուգահեռն ակնհայտ է թվում: Չորս կողմից պարփակված (լուսամուտները բացակայում էին) գլխատան կենտրոնական հորինվածքը բացվում է դեպի վեր` վրան-»երկինքը», վրանաձև ծածկի մեջտեղի բացվածքի` երդիկի միջով` անմիջապես դեպի երկինք: Հայկական տաճարների ճակատների դեկորատիվ կամարաշարը, որն առաջին անգամ հզոր ձևով «հնչեց» Զվարթնոցում, և հետագայում` X – XI դարերում, Տրդատ ճարտարապետի Անիում ստեղծած գործերում, արտահայտում է ճարտարապետության բացվածությունը դեպի դուրս: Բացվածությունը դեպի դուրս ամենավառ կերպով արտահայտվում է հայկական ճարտարապետության հիմնական առանձնահատկություններից մեկի` ասիմետրիկության միջոցով:

http://www.prm.am կայքից

Ավանդույթը, Մոդեռնը և Պոստմոդեռնը

Մի օր իր տան պատին թիկն տված Ավանդույթը տեսավ փողոցով արագ-արագ վերև բարձրացող Մոդեռնին ու բղավեց.

-Հե՜յ, հըլը կաց… բան ունեմ ասելու:

Մոդեռնը դանդաղեցրեց քայլերը:

-Էս անցնում ես ու մի հատ հետ էլ չես նայու՞մ:

-Ես անուն ունեմ, — շրջվելով ասաց Մոդեռնը:

-Պահ, մի անուն էլ ունենա՜ս: Ոնց, որ անպուպուլ երեխայի անուն լինի:

-Բա, չէ, քո անվան պես՝ երկարահունչ ու դախացած: Ոնց որ հին սայլի անուն լինի: Էդպիսի անունը հիմա գյուղերում է մոդա:

-Պահ, պահ… էդ մոռացել ես, որ քաղաքիդ չորսակնանի մեքենան իմ  գյուղի չորսակնանի սելից է ծնունդ առել:

-Հա, բայց էդ քո սելով հեռու չէիր գնա:

-Բայց իմ սելն ավելի ապահով է, քան քո մեքենան՝ ամեն օր իրար եք խփում ու մարդ եք գցում տակը …Չհաշված, որ էս օդն էլ աղտոտում եք:

Այդտեղ Մոդեռնը չիմացավ ինչ ասել ու լռեց: …Բայց քիչ անց, ուշքի գալով, հազիվ լսելի ձայնով ասաց թե.- միևնույն է, չպետք է մնալ նույն տեղում ու պետք է առաջ շարժվել:

Հիմա էլ Ավանդույթը չգտավ հարմար պատասխան, և ինքն էլ մի պահ պապանձվեց:

Այդ պահին նրանք տեսան Պոստմոդեռնին, որ գալիս էր վերևից:

-Հլը սրան նայի՝ հեգնեց Մոդեռնը, մենք գոնե սել ու մեքենա ենք ստեղծել, բա սա ի՞նչ է ստեղծել:

-Բա դրա անունը,-մկըկաց Ավանդույթը… Ոնց, որ ուշացած երեխայի անուն լինի՝ «Պոստ-մոդեռն»: Ավելի լավ էր անունը Վերջալույս կամ Բավական դնեին,- շարունակեց նա ավելի բարձր հռհռալով:

-Ողջույն իմ եղբայրներին,- մոտենալով նրանց ասաց Պոստմոդեռնը:

-Բարև Ջիլիզմոդեռն,- ձեռք առավ ավանդույթը:

-Բարև, «ինձանից հետո»,- խեթեց մոդեռնը:

-Համով հումոր ունես, -ասաց Պոստմոդեռնը Ավանդույթին:

-Իյա՜ա,

-Իսկապե՛ս:

-Իսկ դու շատ լավ ժամանակագրություն գիտես, դիմեց նա մոդեռնին:

-Մերսի, …ընենց թեթև էլի,- սեթևեթեց Մոդեռնը:

-Դե համենայնդեպս գիտես: …Ուզում ես առաջ գնալ, դրա համար գիտես: …Լավ ես հաշիվ անում: …Գլուխդ աշխատում է, -ավելացրեց Պոստմոդեռնը:

-Շնորհակալ եմ հընկեր,- ասաց մոդեռնը ու իրեն իսկապես լավ զգաց:

-Իսկ դու եղբայր,- կրկին դառնալով Ավանդույթին ասաց Պոստմոդեռնը, -լավ սիրտ ունես:

-Ախպորը մեռնեմ-դողդողաց Ավանդույթի ձայնը, -բա որտեղի՞ց իմացար:

-Դե չես ուզում, որ մարդկանց վատ բան լինի, ուզում ես, որ մաքուր օդ, մաքուր սնունդ, արդար յուղ, արդար աշխատանք ու արդար քուն լինի:

-Հա, ախպեր ջան, բայց ո՞նց իմացար, -նորից հարցրեց Ավանդույթը: -Լսում էի՞ր մեր խոսակցությունը…

-Չէ: Որտեղի՞ց: Բայց ձեզ լավ գիտեմ… գիտեմ թե դու ու մոդեռնը ինչ եք զգում և ինչի մասին եք մտածում:

Ավանդույթն ու Մոդեռնը մի քանի րոպե հիացիկ կասկածանքով նայում էին Պոստմոդեռնին:

-Ես մի առաջարկ ունեմ ձեզ, -վերջապես խոսեց Պոստմոդեռնը: -Եկեք ձեր սիրտն ու ուղեղը միացնենք իրար: Եկեք ստեղծենք բաներ, որ մարդկությանը առաջ կտանեն, բայց առանց նրան մեծ վնասներ հասցնելու: …Եկեք ստեղծենք մի նոր մեքենա, որի մեջ կլինեն քո , -ասաց նա՝ ձեռքը ավանդույթի ուսին գցելով, -և՛ քո, -շարունակեց նա, մյուս ձեռքը մոդեռնի ուսին գցելով, -լավ կողմերը:

Ավանդույթն ու մոդեռնը լավ չպատկերացրեցին թե ինչ է ասում Պոստմոդեռնը, բայց նրա ասածը նրանց հավանական թվաց: …և նրանք երեքով շարժվեցին դեպի …աջ:

Առակս ի՞նչ կցուցանե: Նախ, որ…

…Ինչպես նաև այս առակը կարող է լավ գովազդի նյութ լինել՝ ապագայի էկոլոգիապես մաքուր մեքենաների սպառումը խթանելու համար:
Հետաքրքրվողները կարող են զանգել՝ երանի-ճիշտ լիներ   երանի-երանի  երանին-երանի հազար-երանի  կամ երանի- շուտ -լինի երանի-երանի  երանին-երանի հազար-երանի  հեռախոսահամարներին:

 http://www.prm.am կայքից

Արտ թերապիա

“Հանգստանում եմ, երբ նկարում եմ: Կարծես` խաղաղվում եմ այդ երաժշտությունը լսելիս, այն օգնում է կենտրոնանալ”, նման շատ այլ նախադասություններ վկայում են այն մասին, որ արտ-թերապևտիկ մեթոդներից շատ մարդիկ ինքնուրույն են օգտվում, որպեսզի դուրս բերեն կուտակված հոգեկան լարվածությունը, հանգստանան և կենտրոնանան: Սակայն պարզամիտ կլիներ կարծել, թե արտ-թերապիայի ողջ էությունը ինքնուրույն նկարված նկարների շարքն է միայն: Արտ-թերապիան կամ արվեստի թերապիան բուժական հոգեթերապևտիկ ներգործության առանձնակի մեթոդ է և մասնագիտական գործունեության ինքնուրույն բնագավառ: Մեր երկրում դեռ նոր զարգացող այս թերապևտիկ ուղության հանդեպ հետաքրքրությունն օրեցօր ավելանում է: Այս ամենը կարելի է բացատրել թերապիայի ընթացքի “մեղմությամբ” և գրավչությամբ, այն հնարավոր է դարձնում սեփական ապրումների և կոնֆլիկտների` տեսական և պլաստիկ արտահայտումը, ինչը հեշտացնում է այցելուի մոտ առկա ցավի զգացումը և անհանգստացնող թեմայի շուրջ խոսելը: Արտ-թերապիան հնարավոր է դարձնում առավել լավ հասկանալ հոգեկանի այն շերտերը, որտեղ խոսքերը չեն բավականացնում արտահայտել ապրումների ամբողջ խորությունը:

Արտ-թերապիան կարելի է դասել հոգեթերապիայի ամենահին և բնական մեթոդների շարքին: Նկարելով, խեցեգործությամբ կամ գրականական ոճով սեփական խնդիրը կամ տրամադրությունը նկարագրելու ժամանակ` մարդը կարծես ստանում է կոդավորված հաղորդագրություն ինքն իրենից` սեփական ենթագիտակցությունից: Թերապևտիկ զրույցն օգնում է վերաիմաստավորել այդ ինֆորմացիան, ինչը հանգեցնում է խնդրի գիտակցմանը և լուծմանը: Արտ-թերապիան, որպես հոգեկանի ուսումնասիրման մեթոդ, հանգեցնում է բավարարվածության զգացման, սովորեցնում է այցելուին արտահայտել իր ապրումները որքան հնարավոր է սպոնտան և կամածին: Այդ պատճառով արտ-թերապիան հաջողությամբ օգտագործվում է երեխաների, մեծահասակների, անհատական և ընտանեկան թերապիաների ընթացքում: Այն նպաստում է ներանձնային և միջանձնաին խնդիրների լուծմանը, ինչպես նաև` ֆիզիկական առողջությանը վերաբերող խնդիրների գիտակցմանը, վախերի հաղթահարմանը:
Գոյություն ունեն արտ-թերապիայի բազում տեսակներ: Եթե խոսենք դասական արտ-թերապիայի մասին, այն ներառում է ստեղծագործության միայն վիզուալ ձևերը` գրաֆիկա, նկարչություն, լուսանկարչություն և խեցեգործություն, սակայն ժամանակակից արտ-թերապիայում օգտագործվում են շատ ու շատ այլ մեթոդիկաներ, որոնց հիման վրա առանձնացնում են տարբեր թերապևտիկ ուղղություններ` հեքիաթաթերապիա, երաժշտաթերապիա, գունաթերապիա: Ներկայումս մշակվել է նաև աշխատանքի համակարգված մեթոդ` արտ-սինթեզաթերապիա, որն իր մեջ ներառում է զանազան մեթոդիկաներ, որոնք ուղղված են կոնկրետ այցելուի խնդրի հետ աշխատանքին և վերաբերում են արտ-թերապիայի տարբեր ուղղություններին:
Արտ-թերապիան օգնում է հասկանալ ինքդ քեզ, ազատվել կուտակված բացասական էներգիայից, բացահայտել մարդու անգիտակցական ներուժը, զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը:

Լիլիթ Հակոբյան

http://psylife.am կայքից

Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Հայկական Ասոցիացիան ահազանգում է

ՀՀ Մշակույթի նախարար

տիկ. Հ.Պողոսյանին

   Հայաստանի բազմադարյա պատմության ծանրակշիռ վկայությունն է պատմաճարտարապետական հարուստ ժառանգությունը, որը հայտնի է ամբողջ աշխարհին:

  Ցավոք, մեզ հասած այդ ժառանգությունը տարբեր ամբիոններում ընդամենը միայն բարձրահունչ ելույթների խաղաքար է հանդիսանում: Դրանց օրեցօր քայքայվող և վերացման տանող երևույթի արդարացումն այսօր մի արտահայտություն է «Փող չկա», որը հնչում է ամենաբարձր ատյաններից: Սակայն իրականության մեջ պատկերն այլ է, շատ դեպքերում «Փող» նույնիսկ «Շատ փող՚»կա, որն օգտագործվում է սակայն հուշարձանները քանդելու, ոչնչացնելու, ապականելու կամ սեփական /փողատիրոջ/ կարիքներին հարամարեցնելու նպատակին: Այս բոլոր երևույթներն իրենց դրսևորումը ստացան հատկապես Երևանի պատմական միջավայրի վրա, որի արդյունքում հուշարձան համարվող շատ շենքեր վերացան, իսկ ճարտարապետական արժեք ներկայացնող բազմաթիվ շենքեր էլ «կաֆելապատվում», կամ սալիկապատվում են` փողի ճաշակին ու գույնին համապատասխան: Մասնագիտական և լրատվական շրջանակների կողմից բացմիցս քարկոծված այս երևույթի դեմ պետական կառույցների կողմից ոչինչ չարվեց, ոչ ոք չպատժվեց, այս արատավոր երևույթը չկանխվեց, և դարի հիվանդության նման կենտրոնից տարածվեց, հասավ ու վարակեց համաշխարհային ճարտարապետական արժեք համարվող «Գանձասար» վանք:

  Սկզբում համալիրն համարյա կից կառուցվեց օժանդակ «հակաշինություն», որը խաթարեց համալիրի ընդհանուր ծավալապատմական հորինվածքը, այնուհետև պարսպապատերը շատ ակտիվորեն ծածկվեցին անկապ կղմինդրյա ծածկերով և այսօր հերթը հասել է պարսպապատերին: Պաշտպանական հզոր կերպար և ֆունկցիա ունեցող պարիսպներն այսօր ինչ որ մեկի ճաշակին համապատասխան սալիկապատվում են տեղական բարակ սալերով / սա նույնիսկ երևակայելն անհնար է/:   Էս ինչ է Արցախում օգնության    բազմաթիվ հուշարձանների, անօթևան մարդկանց և հայտնի ու անհայտ բազմաթիվ խնդիրների մեջ այնքան փողի ավելցուկ կա, որ այն դարձել է հայտնի ասացվածքի «բոշի յուղը…», իսկ հոգևոր դասի միտքն ու պետական-ազգային ուժը ուր են այս անսահամն  ամենաթողության  կողքին, թե մտածենք, որ նրանք նույնպես մասնակից են:

 Մենք լինելով այս բնագավռի  մասնագիտական ՀԿ  «Պատմական Հուշարձանները Վերականգնող Ճարտարապետների Հայկական Ասոցիացիան՚» դիմում ենք Ամենայն Հայոց կաթողիկոսին, Արցախի թեմի առաջնորդին, Հայաստանի և Արցախի նախագահներին և պետական համապատասխան կառույցներին, ԶԼՄ-ներին և լայն հասարակությանը` ձեռնարկել կտրուկ միջոցներ կանխելու Գանձասարի պարսպապատերը «դոլլարնեորվ» երեսպատելու գործընթացը, վերցնել արդեն արվածը և այս երևույթը արմատախիլ անելու և ուրիշներին դաս տալու նպատակով պատժել մեղավորներին, այլապես տրամաբանական հաջորդ քայլը պարիսպներից ներս մտնելն ու հոգևոր կառույցները պղծելն է լինելու:

  Ազգային հարստության /երբեմն նաև համամարդկային/ հանդեպ կատարված հանցագործությունների ու ոտնձգությունների անպատժելիությունը, երբեմն դրանց ոչ ուղղակի խրախուսումը բերել է այդ արժեքների և հասարակության հակադիր բևեռացման, որի կործանարար  ազդեցությունը տեսնելու կամ կանխազգալու համար գիտական կոչում անհրաժեշտ չէ: Այն որ հուշարձանները հայկական են դա իրենք են վկայում, բայց մեր վերաբերմունքը վերից վար մեր «հայ» երբեմն նաև «մարդ» լինելու հանգամանքը կասկածի տակ է դնում: Ցավոք սա ծայրահեղություն չէ  այլ իրականություն և սթափվել է պետք, ունեցածին տեր կանգնել է պետք, ուրիշներին մեղադրելուց առաջ հայելու մեջ սեփական դեմքը տեսնել է պետք:

Ի դեպ պարիսպները կառուցվել են 13-րդ դարում, վանքի մյուս կառույցներին զուգահեռ, այն դարերի ընթացքում բազմիցս վերանորոգվել է: Այսօրվա պահպանված պարիսպը վերանորոգվել է 17-րդ դարում և մասնակի ամրակյվել 20-րդ դարի 80 ական թվականներին:

1989թ.ի ապրիլին կատարվել են Գանձասարի վանքային համալիրի մանրամասն չափագրումներ, հնագիտական ուսումնասիրություններ և վերականգնման նախագիծ մեր ասոցիացիայի մի խումբ ճարտարապետների կողմից:

«Ասոցիացիայի» նախագահ
Գ.Սողոմոնյան 

Ք.Երևան, Ա.Ավետիսյան փող.  70-118, 

էլ փոստ    aefstepan@mail.ru, gagik.Soghomonyan@gmail.com, hovhannessan@yahoo.com 

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 134,059 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: