ԱՐԹՆԱՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՊԱՏԵՀ ԱՌԻԹ

Մարինե Կարոյան,
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ
Նվագարանների ամբիոն, դոցենտ, հ/գ թեկնածու

Ժամանակի մեջ մարդն ամեն ինչին վարժվում է` դադարելով արժեւորել իր շրջապատը: Նա վարժվում է թե՛ գեղեցիկին եւ թե՛ տգեղին, թե՛ համեստությանը եւ թե՛ զորբայությանը, թե՛ անձնվիրությանը եւ թե՛ ստորությանը, թե՛ մտքի թռիչքին եւ թե՛ տգիտությանը… Եվ միայն կյանքի առանձին պահեր են մեզ ստիպում իրականությունը վերապրել ու գիտակցել, թե որտեղ ենք մենք եւ ինչով ենք զբաղված: Այդ պահերը մեզ նվիրում է իրական արվեստը` սրելով մեր զգացմունքները: Եվ մենք դադարում ենք անտարբեր լինելուց: Հանկարծ զգում ենք այն տաղտուկը, որի մեջ ապրում ենք եւ որի շատ թե քիչ ակտիվ դերակատարն ենք: Այդ պահին հասկանում ենք, որ մենք մեր իսկ հիշողության դեգեներացիայի ակտիվ մասնակիցն ենք: Հասկանում ենք, որ կամայական այդ դեգեներացիան տարել է արժեհամակարգի այնպիսի անխուսափելի խզումների, որ ժամանակի ընթացքում մենք դարձել ենք մանկուրտ: Ակնհայտ է դառնում, որ մենք երկու տասնամյակ առաջ Սովետ Միությունից դուրս ենք եկել, եւ հայտնվել ենք ոչ մի տեղ: Մենք դավաճանել ենք արվեստի նախկին բարձր չափանիշներին` ճկուն լինելու պատճառաբանությամբ: Բայց, միեւնույն ժամանակ, որեւէ ջանք չենք գործադրել քրտնաջան աշխատելու, այսօրվա աշխարհի մեջ ինտեգրվելու համար: Պատճա՞ռը: Մեր ծուլությունը եւ մեծամտությունը:

Հասկանում ենք ու տխրում: Այդ պահին մենք կարիք չունենք, որ մեր վարչապետը հեռատեսիլով հայտարարի, թե ըստ այս կամ այն հեղինակավոր կենտրոնի ուսումնասիրության, համաշխարհային համընդհանուր դիսկուրսում մենք ո՛ր տեղում ենք գտնվում (միեւնույն ժամանակ անպատճառ նշելով հարեւան Ադրբեջանի ավելի ցածր հորիզոնականը): Մեզանից յուրաքանչյուրն առանց խորքային ուսումնասիրության էլ կասի դա` չկրելով առանձնակի դժվարություն: Քանզի որեւէ երկրում արվեստի վիճակը հայելի է, որ արտացոլում է այդ երկրի տեղը երկրագնդի վրա` սկսած տնտեսական վիճակից մինչեւ ազգային հոգեկերտվածք:

Մեր վերջին «արթնացման» առիթը հանրահայտ «Deutche Gramophon» ձայնագրման ընկերության կողմից աշխարհի «թիվ մեկ» նվագախմբի տիտղոսին արժանացած Ամստերդամի Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի (Royal Concertgebouw Orchestra) երեւանյան դեբյուտն էր` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի (Lorin Maazel) գլխավորությամբ:

Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, իսկապես, աշխարհի լավագույն նվագախմբերից է: Նվագախմբի յուրահատկությունը նախ եւ առաջ նրա ձայնի անզուգական որակն է, որը շատ ու շատ տարբեր է մյուս նվագախմբերից: Դրանում համոզվեցին նվագախմբի երեւանյան ելույթի ունկնդիրները: Դժվար թե ունկնդիրներից որեւէ մեկը երբեւէ այդքան պարզ լսած լիներ նվագախմբային որեւէ ձայն` կենդանի կատարմամբ, որի մեջ առկա են այդ ձայնի բոլոր օբերտոները, կամ ձայնային շերտավորումների այդպիսի վարպետության ականատեսը եղած լիներ: Ընդհանրապես անջնջելի տպավորություն է թողնում, երբ 120 հոգի բեմի վրա նույն ինտենսիվության եւ խտության ձայն են հանում տարբեր գործիքներից: Էլ չեմ ասում այդ նույն 120-ի պիանոյի մասին… Կոնցերտգեբաուն բարեկիրթ, չափազանց դյուրազգաց բայց միեւնույն ժամանակ հստակ ձայն ունի, որը ոչ մի պարագայում բռնության առարկա չի դառում: Չնայած իր մեծությանը, նվագախումբը գործում էր կարծես որպես կամերային նվագախումբ, այնքան զգայուն էր երաժիշտների համագործակցությունը: Սա լինում է, երբ անհատների մասնագիտական մակարդակը շատ բարձր է, եւ նրանք հավատ ու վստահություն ունեն մեկ-մեկու հանդեպ: Ակնհայտ է, այս երաժիշտները հարգում են 125 տարի առաջ դժվարին աշխատանքով ստեղծված իրենց նվագախմբի պատմությունը, աշխատում են իրենց վրա, պատասխանատվության զգացում ունեն սեփական մասնագիտության, բեմի վրա զբաղեցրած տեղի հանդեպ:

Նիդերլանդները մոտ 41,5կմ տարածքով մի երկիր է` Եվրոպայի հյուսիսում, ուր ապրում է 17մլն մարդ: Կարելի է արդեն պատկերացնել այդ երկրում աշխատանքային շուկայի դաժանության չափը որեւէ մեկի, այդ թվում նաեւ երաժշտի համար: Եվ, բնականաբար (հատկապես ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում) Նիդերլանդներում երաժիշտները բոլորովին էլ իրենց չեն զգում` ինչպես պանիրը յուղի մեջ: Միայն վերջին ամիսների ընթացքում այնտեղ իր գործունեությունը դադարեցնելու եզրին էր կանգնել Նիդերլանդների պետական ռադիոյի ամբողջ երաժշտական բլոկը` իր նվագախմբով, երգչախմբերով եւ նույնիսկ գրադարանով: Եվ միայն Եվրոպայի երաժիշտների հսկայածավալ ստորագրահավաքը փրկեց դրությունը. ստորագրահավաք, որին մասնակցեցին սկսնակ երաժիշտներից` մինչեւ սըր Սայմոն Ռեթթլը (Sir Simon Rattle, Բեռլինի ֆիլհարմոնիկի այժմյան գլխավոր դիրիժորը):

Բնականոն հարց է ծագում. հապա ինչպե՞ս է, որ այդ խրթին պայմաններում այս երկիրը կարողանում է ունենալ նման որակի ֆիլհարմոնիկ նվագախումբ:

Որեւէ երկրի ֆիլհարմոնիկ նվագախումբ ստրատեգիական նշանակություն ունի եւ հանգուցային օղակ է այդ երկրի համար: Հավանաբար սա գիտակցելով, մեզանում վերեւներում են որոշում, թե որ երջանիկը պիտի լինի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր: Համեմատության համար նշենք, որ Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը (ինչպես նաեւ աշխարհի մյուս լավագույն նվագախմբերը) ինքն է ընտրում եւ հաստատում իր գլխավոր դիրիժորին` փակ, գաղտնի քվեարկությամբ: Նվագախմբի խորհուրդը պիտի, անշուշտ, համաձայն լինի նրանց ընտրության հետ: Բայց հիմնական ընտրողը նվագախումբն է: Ո՛չ մեկը եւ ո՛չ մի ձեւով չի կարող ճնշում գործադրել բարձրակարգ երաժիշտների վրա: Սա քաղաքակրթության եւս մի արտահայտություն է:

Ռիկարդո Չեյլին (Riccardo Chailly), ով տարիներ ղեկավարել է այս նվագախմբը, գրում է. «Նրանք (նվագախմբի երաժիշտները) երբեք չեն համարում, որ ինչ ասում է դիրիժորը, ուրեմն այդպես էլ պետք է լինի: Անվերջ ստիպված ես հիմնավորել քո ասածի պատճառները, ճշտել մտքիդ ուղղությունը: Դա բոլորովին էլ չի նշանակում, որ նրանք պատրաստ չեն ասածդ ընդունել: Հակառակը: Նրանք շատ լայնախոհ են: Սա մի շատ հետաքրքրական երկդիմություն է: Որպեսզի նրանց համոզես, պիտի ասածդ պատճառաբանես ամեն առումով»:

«Նվագախումբը անընդհատ աշխատում է տարբեր դիրիժորների հետ»,-նշում է Մարիսս Յանսոնսը, որը 2004թ.-ից Կոնցերտգեբաու նվագախմբի գլխավոր դիրիժորն է: «Նրանք բազմազանություն են ուզում,- շարունակում է նա:- Ես ինքս, միշտ պետք է աշխատեմ ամենաբարձր մակարդակով, քանի որ ինձանից էլ ակնկալում են նույնը»:

Եվ ապահովվում է այդ բազմազանությունը, եւ հրավիրվում են ամենաբարձր կարգի դիրիժորներ, որոնք երկարատեւ եւ քրտնաջան աշխատում են նվագախմբի հետ, մեկը` ընդլայնելով Մահլերի սիմֆոնիկ մտածողության պատկերացումները, մյուսը`աշխատելով ժամանակակից նվագացանկի վրա, դրանով իսկ ընդլայնելով նվագախմբի արդի մտածողության մտահորիզոնը, եւ այլն, եւ այլն:

Իսկ մեզանում ի՞նչ է կատարվում: Գործ անելու, դրսի հետ կապ ցույց տալու անվան տակ հրավիրվում են անհայտ ծագման դիրիժորներ` 2-3 օրով: Մինչդեռ լուրջ նախագծեր ունենալու դեպքում կհրավիրվեին լուրջ դիրիժորներ, որոնք երկար կաշխատեին նվագախմբի հետ, ինչը լուրջ, պրոֆեսիոնալ հետեւանքներ կունենար:

Ընդդիմախոսները կասեն, որ լուրջ նախագծերի համար լուրջ գումարներ են հարկավոր: Համաձայն եմ: Բայց նաեւ գիտեմ, որ ճկուն մշակութային քաղաքականություն վարելու դեպքում դրամ միշտ էլ կարելի է տնտեսել:

Կոնցերտգեբաուի ելույթի ընթացքում հանկարծ աչքս ընկավ նախագահական օթյակ, որտեղից այս առաջնակարգ նվագախմբի ելույթին էր հետեւում ՀՀ մշակույթի նախարարը: Մտքովս անցավ, թե տեսնես ինչի՞ մասին է մտածում:

Ենթադրեցի, որ այդ պահին նա, սուտ ազգայնական, պրովինցիալ նախագծերի արանքում, մի պահ մեզ նայեց կողքից, քաղաքակիրթ աշխարհի աչքերով եւ հասկացավ այդ հայացքի բնույթը: «Մերն ուրիշ է»: Ենթադրեցի նաեւ, որ մտածում էր Հայաստանում արվեստի ու մշակույթի տարբեր ոլորտների հիմնախնդիրները վեր հանելու, մշակութային նոր դիսկուրսները կենսունակ ու վերարտադրելի դարձնելու մասին (ինչը կարծեմ իր ամենակարեւոր պարտականությունն է):

Եվ ոչ միայն նա, այլեւ բոլոր պատասխանատուները, պետական այրեր, թե ստեղծագործական ոլորտի ղեկավարներ, պետք է հասկանան վերջապես, որ մեր փոքր Հայաստանում անհրաժեշտություն չկա ունենալ երկու նվագախումբ` նույն շենքի տարբեր կողմերում աշխատելու համար (ի նկատի ունեմ մի կողմից` ֆիլհարմոնիան, մյուս կողմից` օպերայի եւ բալետի թատրոնը), երկուսին էլ վճարել քիչ եւ ավելի քիչ պահանջել:

Դժվարանում եմ ասել, թե մեր այդ պատասխանատուները վերջին անգամ երբ են օպերային ներկայացում դիտել հայրենի թատրոնում (քանի որ ինքս էլ ամեն կերպ խուսափում եմ այդ «հաճույքից»): Բայց, ճիշտն ասած, խորհուրդ էլ չէի տա իրեն դա անել:

Դուք միայն փորձեք ձեր երեկոն հաճելի դարձնել որեւէ օպերայի ունկնդրմամբ: Առաջին գործողության կեսից արդեն ամբողջ այդ խառնիճաղանջը (դիրիժոր, նվագախումբ, մեներգիչներ, երգչախումբ, միզանսցեն, դեկոր… դերակատարներով) հեշտորեն կնպաստի ձեր տրամադրության կտրուկ անկմանը: Դուք լսողական աղբի այնպիսի բաժին կստանաք, որ տանը որեւէ սիմֆոնիայի ամենաբարձրորակ կատարման ամբողջական լսումն էլ ձեզ չի հանգստացնի:

Բայց չէ՞ որ քաղաքակիրթ աշխարհում գտել են դրա ելքը: Այսպես, Գերմանիայի մի շարք նվագախմբեր (այդ թվում, օրինակ, Էսսեն քաղաքի ֆիլհարմոնիկ նվագախումբը, որ համարվում է Գերմանիայի լավագույն նվագախմբերից մեկը) զբաղված են ֆիլհարմոնիկ շատ լուրջ ծրագրերում, եւ, միեւնույն ժամանակ, դրանք տեղի օպերային թատրոնի նվագախմբերն են: Այդ դեպքում նվագախմբի գլխավոր դիրիժորի եւ անդամների ընտրությունը կատարվում է չափազանց խիստ, վճարվում են նրանք արժանապատիվ, իսկ սպասումները լինում են ամենաբարձր մակարդակի: Դիրքին չհամապատասխանելու դեպքում` հաջորդ տարի նրանց հետ պայմանագիր չի ստորագրվում: Բոլորը ձգվում են, դառնում հնարավորինս ներգրավված գործընթացի մեջ` իրենց վրա աշխատելով օր ու գիշեր: Արդյունքում ունենում են մի նվագախումբ, որով հպարտ են իրենք, շնորհակալ է ունկնդիրը:

Եվս մի հավելում: Նիդերլանդներում լավ են հասկանում, որ ամեն բան սկսվում է ուսումից: Եվ այդ իրողության քաջ գիտակցումով նրանք ստեղծել են «Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի ակադեմիա»: Այստեղ տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է ընձեռված մասնակցել նվագախմբային գործի ուսուցման դասընթացների` Կոնցերտգեբաու նվագախմբի անդամների հետ: Այս հատուկ դասընթացը ամբողջ աշխարհից եկած երիտասարդ երաժիշտների համար դառնում է մի անզուգական հնարավորություն` իրենց ամբողջ ներքին պոտենցիալը գնահատելու համար:

Այսպիսով ստեղծվում է մի շղթա` բարձրակարգ ուսում ֆիլհարմոնիկ նվագախումբ, որի ստվերն էլ չկա մեզ մոտ: Մեր փառապանծ կոնսերվատորիայի ուշադրության կիզակետում էստրադային երգիչներն են` ոչ շատ հեռու ապագայի հայաստանյան «աստղերը», իսպառ արժեզրկված «արվեստի վաստակավոր արտիստ» կամ «ժողովրդական արտիստ» կոչման հպարտ կրողները (մի պահ մեզ նեղություն տանք վերհիշելու, թե ովքեր էին արժանանում այդ կոչմանը մի 30-40 տարի առաջ): Տպավորություն կա, որ նույնիսկ Հյուսիսային պողոտան էլ հատուկ նրանց համար հապշտապ սարքվեց, որ խեղճերը տեղ ունենան Հանրապետության հրապարակից մինչեւ alma mater ծայրից ծայր տեղադրելու իրենց աստղերը` դարձնելով այն մերօրյա Հայաստանի «Փառքի կածան» կամ, ինչպես ընդունված է Հոլիվուդում ասել` «Աստղերի բուլվար»: Իհարկե, մենք գիտակցում ենք, որ այդ տարածքը շատ արագ այլեւս ի զորու չի լինի իր մեջ ունենալ մեր բոլոր «աստղերի» ու ժողովրդական կամ վաստակավոր արտիստների անունները: Բայց պետք չէ տխրել. Երեւանում մայթեր շատ կան: «Աստղերին» չնեղացնելու համար կարելի է «Աստղերի բուլվարը» երկարացնել մինչեւ, ասենք, 15-րդ թաղամաս կամ Չարբախ:

«Բաշարելու, դասավորելու ու հաջողացնելու» աճպարարությանը մենք այլեւս տիրապետում ենք լիովին: Շատ ցանկալի է, որ անցնենք աշխատանքի կազմակերպման մյուս` քաղաքակիրթ ձեւին: Արվեստի այսպիսի բարձրակարգ ներկայացումներից հետո շփոթված ու ամոթահար չկանգնելու միակ միջոցը արվեստի առկա խնդիրները հավուր պատշաճի ուսումնասիրելն է, մտածելը, համեմատելը, ելքեր փնտրելը, ուրիշներից խոնարհ ու համեստ սովորելը, հաջող փորձը տեղայնացնելն ու աշխատել, աշխատել, աշխատելը:

Մենք պիտի սովորենք առաջնահերթություններ սահմանել եւ ունենանք նաեւ քննարկման, հաշվետվության համակարգ: Այնպիսի ծիսական պահի, ինչպիսին համերգն է, հասկանում ես, թե ինչն է իսկապես արժեքավոր: Բայց դրանից հետո պիտի գա քրտնաջան աշխատանքը` բացթողումների վրա:

Աղբյուրը` http://www.azg.am/AM/culture/2012111705

Реклама

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 131,615 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: