Գեղարվեստցիները այցելեցին Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան

Հաշվի չառնելով եղանակի անբարենպաստ պայմանները՝ մարտի 29-ին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողները մանակցեցին ՀՊՄՀ ՈՒԳԸ-ի կողմից՝ դեպի Էրեբունի պատմա-հնագիտական արգելանոց-թանգարան կազմակերպված այցին: Մեր ուսանողներն արդեն ծանոթ էին Վանի թագավորության պատմությանը և մշակույթին, ուստի էքսկուրսիան անցկացավ մտքերի և կարծիքների ակտիվ փոխանակության մթնոլորտում:

Թանգարանի ցուցադրությունը դիտելուց հետո ուսանողները բարձրացան նաև Արին բերդ և շրջեցին պատմա-հնագիտական եզակի տարածքում: Տպավորված հետաքրքիր էքսկուրսիայով՝ ուսանողները մտադրվեցին ավելի հաճախակի դարձնել նման այցերը:

1939601_255612681277385_845851763_n (1)

1975142_255612021277451_679497071_n

10155313_255612827944037_1018163512_n

Նյութը տրամադրեց Արփինե Խաչատրյանը

Реклама

Մեր մասնակցությունը ուսանողական գիտական կոնֆերանսին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի Երաժշտական կրթության բաժինը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից հրավեր էր ստացել մասնակցել Ուսանողական գիտաստեղծագործական ընկերության նոյեմբերի 25-28-ին կայանալիք Երաժշտագետ ուսանողների գիտական կոնֆերանսին, որին մասնակցելու էին նաև Հայաստանի Մանկավարժական և արվեստի բուհերի ու երաժշտական քոլեջների սովորողներ:

Կոնֆերանսում` ազգային դասական ռոմանսի հիմնադիր, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ, Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի հիմնադիր` Ռոմանոս Մելիքյանին նվիրված զեկուցմամբ հանդես եկավ ՀՊՄՀ-ի Երաժշտական կրթության բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի` Վարդիթեր Կարապետյանը (գիտական ղեկավար՝ մանկավարժական գիտությունների թեկնածու, Երաժշտության տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի դոցենտ` Գոհար Մելիքսեթյան): Ուսանողուհին իր զեկուցման մեջ ներկայացրեց նշանավոր կոմպոզիտորի ստեղծագործական, երաժշտա-հասարակական բազմակողմանի գործունեությունը, որը կարևորագույն էջ է 20-րդ դարասկզբի հայ մշակույթի պատմության մեջ:
Ուսանողուհու զեկուցումը` նվիրված Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի հիմնադրման 90-ամյակին, ունկնդրվեց մեծ ուշադրությամբ և արժանացավ ներկաների ջերմ հավանությանը:

unnamed

Պատմության խոսքը` քարի լեզվով

Մարտի 28-ին Երաժշտական կրթության բաժնում կայացավ ուսանողական գիտական ընկերության նիստ-միջոցառում` «Պատմության խոսքը` քարի լեզվով» խորագրով: Նշված թեմայով զեկուցումով հանդես եկավ առաջին կուրսի ուսանողուհի Վարդիթեր Կարապետյանը  (ղեկավար` Գ. Մելիքսեթյան): Հենց Վարդիթերի մտահղացմամբ էլ կազմակերպվել էր գիտական նիստը-միջոցառում, որին ուսանողուհին ներգրավել էր ոչ միայն Երաժշտական կրթության բաժնի տարբեր կուրսերի ուսանողների, այլև մեր համալսարանի բանասիրական ֆակուլտետի  և Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի ուսանողների:

Վարդիթեր Կարապետյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ խաչքարերին, որպես ազգային մշակույթի ինքնատիպ հուշարձանների` ցուցադրության համար ընտրելով այնպիսիները, որոնց վրա պատկերված են երաժիշտներ` փողային, լարային  և հարվածային նվագարաններով նվագելիս: Զեկուցման մեջ հատուկ ուշադրության էին արժանացել Գեղարքունիքի մարզի Նորատուսի, զեկուցողի հայրենի բնակավայրի,  խաչքարերը, որոնց լուսանկարները և դրանց հետ կապված ավանդազրույցները առանձնակի հմայք հաղորդեցին զեկուցմանը:

Նիստն ավարտվեց հոգևոր երգերի կատարումներով. Գրիգոր Նարեկացու «Սայլն այն իջաներ» Հարության տաղի կատարմամբ հանդես եկավ Կոնսերվատորիայի  Ժողովրդական երգեցողության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Ալիտա Մելքոնյանը (դասախոս` Մ. Շահինյան), Կոմիտասի «Բաց մեզ Տէր» երգը կատարեց Բանասիրական ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողուհի` Շուշան Հարությունյանը:

Տեղի ունեցավ նաև նորաստեղծ ԷԱՐԱՐ վոկալ անսամբլի անդրանիկ ելույթը. խմբավար` չորրորդ կուրսի ուսանող` Գոռ Մելքումյան: Անսամբլի կատարմամբ հնչեցին Մ. Եկմալյանի Պատարագից` «Տէր ողորմեա»-ն և Կոմիտասի Պատարագից` «Միայն սուրբ»-ը:

Բոլոր կատարումներն աչքի ընկան խորը հուզականությամբ և կատարման անմիջականությամբ:

Ուսանողների նախաձեռնությունը ողջունեցին դասախոսներ  Մ. Կարոյանը, Ն. Մարգարյանը, Ա. Շեկունցը, որոնք իրենց ելույթներում նշեցին հոգևոր մշակույթի կարևոր  դաստիարակչական դերը:   Ուսանողների կազմակերպած և անցկացրած նիստը մեր համալսարանի 2 ֆակուլտետների և Կոնսերվատորիայի համագործակցության  լավագույն օրինակ է, նաև  հիանալի երաշխիք`  ապագա մանկավարժների հետագա գործունեության  համար:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 984 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: