Ստեղծագործում են ուսանողները

Ձեզ ենք ներկայացնում ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Լիլիթ Ավագյանի բանաստեղծությունը:

 

ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյ Նահապետի ոտնահետքերը

Կան հողիդ վրա, իմ վե՛հ Հայաստան,

Ծիածաններդ կամար են կապել

Լեռներիդ վրա, իմ սե՛գ Հայաստան,

Քո ամեն օրը պայքար է դառնում

Պայքարող հոգի, խրո՛խտ Հայաստան,

Ու պատմությունդ արյամբ է գրված

Վրեժի ծարավ, կարո՛տ Հայաստան:

Առաջին անգամ հայկյան աղեղը

Այստեղ է պրկվել, իմ հի՛ն Հայաստան,

Մեր Սասնա Դավթի ուժ`Թուր-Կեծակին

Հողդ է պաշտպանել, իմ քա՛ջ Հայաստան,

Հզոր Վարդանի բազուկներն ահա

Այստեղ են կռվել, իմ լո՛ւյս Հայաստան,

Եվ սուրբ մայրերիդ աղոթքներն ահա

Այստեղ են հնչել, իմ լո՛ւյս Հայաստան:

Մեր լույս Մաշտոցը այստեղ է ծնվել,

Այստեղ է կռվել քաջ Տիգրան Մեծը,

Ու Կոմիտասը այստեղ է երգել

Մեր շինականի երգ «հորովելը»:

Սուրբ Նարեկացին այստեղ է գրել

Հայի սրբություն` բուժիչ «Նարեկը»,

Ու մեծ Սարյանը այստեղ է վրձնել

Հայ բնաշխարհի չքնաղ պատկերը:

Հզոր ես, ա՛զգ իմ, վեհ, բազմադարյան,

Երգում եմ երգդ, երկի՛ր նաիրյան,

Փառաբանում եմ պատմությունդ հար,

Դու ի՛մ բնօրրան, ի՛մ ծննդավայր :

Թող որ անցյալդ արդեն հուշ դառնա,

Ու ապագադ դու միշտ վառ մնա,

Թող արյան համը, հեղդ մոռանա

Ու դարեր ի վեր միշտ կանգուն մնա:

Դու անշեջ կրակ ամեն հայ տան,

Մեր ապագայի մեծ հույս`Հայաստա՛ն:

Դու սրբությունն ես, լույսն ես մեր կյանքի,

Երկի՛ր Նաիրյան, մեր սո՛ւրբ Հայաստան:

 

 

Реклама

Ստեղծագործում են ուսանողները

Հարգելի՛ այցելուներ, այսուհետ ձեր դատին ենք ներկայացնում «Ստեղծագործում են ուսանողները» շարքը: Շարքը բացում ենք մեր ֆակուլտետի Կերպարվեստ և գծագրություն II կուրսի ուսանողուհի Միրզոյան Էվելինայի բանաստեղծություններով:

                    ԳԻՇԵՐ

Գիշերը կիսվել,երկու կես դարձել

Իմ սիրտը նորից գիշեր է դարձել,

Մի սիրտ ու հոգի դարձել կրկնակի

Ծնունդ է առել,մտքումս թառել:

 

Կոպերիս տակ աստղեր են բուսնել,

Անբաժան դարձել ու ինձ խենթացրել,

Մենավոր սիրտս գիշերով տարվել,

Միայնակ լուսնին է հյուրընկալվել:

 

Աշխարհը լռել,իրեն մոռացել,

Իմ հոգին նորից աշխարհ է դարձել,

Գաղտագոզի հոգուս մեջ շրջես,

Անծայրածիր հանգրվան կգտնես:

 

ԱՐԵՎ

Գարնանային բուրմունքով պատվել,

Արևից զատվել, կամ էլ ջերմացել,

Լաչառ անձրևից արդեն ժանգոտվել,

Չարացած բնությունից եմ նեղացել:

 

Անբեմ կանգնել եմ հոծ ամբոխիի մեջ,

Քարոզչի դերն եմ ստանձել ես ցմահ,

Երկար ու բարակ ճառում եմ անվերջ,

Հուզված բզկթում լուսարար մտքեր:

 

Մանկության հոգիս դեռ չի էլ փոխվել,

Առաջ շարժվելով’ մատչելի դարձել,

Կարկատան եղած խոսքերս մոլոր

Հին ու վաղեմի զորեղ ուժ ստացել:

 

Ահա կանգնել եմ բաց երկնքի տակ,

Փորձում եմ կորզել մի փոքր արև.

Արևը կարծես նահատակ դարձել

Իր ջերմ շողերից զուրկ է ինձ թողել

 

Վիճարկություն է բնությունն սկսում,

Արևն իմ սրտում ստվեր է գցում,

Հիվանդագին սիրտն իմ համառ է դարձել,

Արևն իրենից էլ չի անջատում:

 

Դե՛, շողա՛ արև, արձագանքի՛ր վեհ,

Կարողությունդ սփռի՛ր անվեհեր,

Իմ միտքը մաշվեց քեզ ցանկանալով.

Նոր խոսքս լսի՛ր, անսուրբ մի՛ լինիր:

 

* * *

Մտադրություն էլ չունեմ անգամ

Քո կնճիռ հոգին գողանալու,

Այնինչ սերը սրտից զատել

ԵՎ աղբարկղն եմ ես այն նետել:

 

Մտադրություն չունեմ խելքս գցել

ՈՒ քո թշվառ անձի համար

Սիրո ծովում ես խորտակվեմ,

Այնինչ սիրտս հոգուց տարանջատել

Քո սրտում ես գերի եմ այնտեղ թողել:

 

Սիրտս բա’ց թող,թող որ ճախրի,

Իմ արևը պինդ շղթայված

Կապանքներից դու արձակի’ր,

Այն թռչել է ուզում,դու հասկացի’ր:

 

Ես չեմ ուզում անգամ տեսնել

Արևածագն ոնց է բացվում քո կողքին?,

Մտադրություն չունեմ կողքիդ լինել

Մայրամուտի շունչը զգալ միասին…

 

 

 

«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մեր մասնակիցները

Հայաստանում արդեն ավանդական դարձած  «Եվրոպական ժառանգության օրեր» տոնական միջոցառումները, կազմակերպված 2012թ. սեպտեմբերի 29-30-ին, հիանալի առիթ էին նորովի ճանաչելու հազարամյակների ճանապարհ անցած հայոց մշակութային ժառանգությունը:
Այդ մշակութային ծրագրի միջոցառումների մաս էր հանդիսանում Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում 2012թ. սեպտեմբերի 29-ին «Ավանդական տարազից Եվրոպական հագուստ»  և «Հայկական ասեղնակարերի հմտությունները» ցուցահանդեսների կազմակերպումը: Ցուցահանդեսներին ներկայացված էին ասեղնագործություններ, ավանդական տարազներ և ժամանակակից հագուստներ: Ցուցադրություններն ուղեկցվում էին զրույց-քննարկումներով, որոնք վարում էր Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի գիտական մասով տնօրենի տեղակալ, պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանը:
«Ավանդական տարազից Եվրոպական հագուստ» ցուցահանդեսի մասնակից դիզայներներին տրվեցին շնորհակալագրեր: Ցուցահանդեսի մասնակիցների թվում էին Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գայանե Եղիազարյանը, ում «Եվրոպական» անվանակարգում շնորհվեց լավագույն մրցանակը, և նույն ամբիոնի ասիստենտ Լիլիթ Մելիքյանն ու մագիստրատուրայում սովորող Լիաննա Ամրոյանը, ովքեր արժաանացան շնորհակալագրերի:

«Մանկավարժական համալսարան» թերթ 30 նոյ. 2011 թիվ 16

«Մանկավարժական համալսարան» թերթի այս համարում կգտնեք  մեր ֆակուլտետի ուսանողների ցուցահանդեսների մասին նյութեր, «Կարուսել» ներկայացման մասին փոքրիկ հոդված, ինչպես նաև Լազարևա Մարիայի հոդվածը «Քարե առասպելների ճակատագրերը» խորագրով:

Բեռնել թերթը

Մի նկարի պատմություն. Հակոբ Հովնաթանյան — Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը

 …Գուցե բոլորովին էլ այդպես չի եղել: Չգիտեմ: Ո՞վ կարող է ասել, թե ինչպե՞ս, ո՞ր աստղերի բարենպաստ համադրության տակ է ստեղծվել այս դիմանկարը, որը դեռ ինչքան պետք  է զարմացնի ու հիացնի մեզ:
…Այդ կնոջ մահվան մասին ողջ Թիֆլիսն էր խոսում: Երիտասարդ էր դեռ, իսկ նման դեպքերում մահը ավելի դաժան ու անողոք ուրվանկարներով է գծագրվում բոլորի սրտերում: Թաղումից մեկ օր առաջ մտածեցին, որ ոչ մի հիշատակ, ոչ մի պատկեր չի մնալու Շուշանիկից: Մի քանի «պատկեր քաշողների» հիշեցին, բայց հետո ինչ-որ մեկն ասաց, որ ամենալավ նկարիչ Հակոբն է, այդ մասին անգամ «գազեթով» էլ գրված է եղել:
-Ո՞ր Հակոբը,-հարցրեց մյուսը:
-Մկրտումի որդին: Հայրն էլ նկարիչ էր:
-Հա,-հիշեց սա,-լավն է:
Ու մյուսները համաձայնվեցին ոչ թե նրա համար, որ գտնեին նկարչին, այլ ուղղակի չցանկանան այդ տխուր պահին ուրիշ բաներից խոսել:
Նկարիչը եկավ: Հանեց գլխարկը, սեղմեց բոլորի ձեռքերը, սովորական դարձած խոսքերով ցավակցեց և մտավ այն սենյակը, ուր ննջեցյալն էր: Բոլորը լուռ էին, իրենց վշտի մեջ, իրենց վշտի հետ ու ոչ մեկը ուշադրություն չդարձրեց նրա վրա: Իսկ նա՝ նկարիչ Հակոբ Հովնաթանյանը, նայում էր այդ կնոջը ու զգում, որ սիրտը ավելի ու ավելի է սեղմվում: Քանի անգամ էր փողոցում, հեռվից հեռու տեսել նրան, հիացել անթերի դեմքով, սլացիկ հասակով, նազանքով, քայլվածքով: Հիմա էլ թեկուզ դեմքը գունատ է ու աչքերը խուփ, այդ գեղեցկությունը կարծես՝ սառել է նրա դեմքին, սպասում է մի քանի ակնթարթ էլ, որ հետո հավերժ անհետանա, անէանա:
Նկարիչը չիմացավ, թե ինչքան կանգնեց այդպես, ինչքան նայեց այդ կնոջը, ինչքան խորհեց կյանքի ու մահվան մասին: Հետո նա սթափվեց, ծանր քնից արթնացողի պես թափահարեց գլուխը ու կամաց դուրս եկավ սենյակից: Ոչ ոք ոչինչ չասաց նրան, չհարցրեց, թե ինչու սովորականի պես ճեպանկար չարեց մատիտով: Նկարիչն էլ լուռ էր: Միայն մի անգամ էլ «դուք ողջ մնաք» ասաց ու գնաց:
Նա քայլում էր ծանոթ փողոցներով ու ոչ մի բան չէր տեսնում, ոչ մեկին չէի նկատում: Նկարիչը մտածում էր այդ կնոջ մասին, աշխատում մոռանալ նրա դեմքի սառը դեղնությունը և վերակենդանացնել այնպիսին, ինչպիսին ժամանակին տեսել էր. երիտասարդ, հպարտ, կյանքով ու սիրով լեցուն:
Շուշանիկ Նադիրյանին նա կնկարի հենց այդպես: Այդ դիմանկարը նման չէր լինի իր նախորդ գործերին, նա կփոխի ամեն ինչ, կաշխատի ապացուցել, որ Հակոբ Հովնաթանյանի փառքը իզուր չէ թևածում ամենուր, որ ինքը ավելի լավ կարող է նկարել, քան «ուսում առածները», որոնք հիմա ավելի հաճախ են Պետերբուրգից Թիֆլիսի կողմերը գալիս: Չէ՛, անպատճառ կապացուցի, որ առանց սովորելու, առանց գիտուն ձևերի, միայն հորից ստացած դասերով էլ կարող է շատ բան անել:

   … Նա հասավ տուն, առանց որևէ մեկին բան ասելու մտավ արվեստանոց, վառեց բոլոր մոմերն ու ճրագները, ձեռքը վերցրեց վրձինը: Մի քանի ժամ նա նկարում էր ինքնամոռաց, երբեմն չհասկանալով, այլ զգալով, թե ինչու է առաջին անգամ դիմանկարի կողքին բաց պատուհան նկարել ու մի քանի վարդից բաղկացած ծաղկեփունջ, թե ինչու են հարթավայրի մյուս կողմում վեր բարձրացած լեռները պատվել մշուշով, թե ինչու է Շուշանիկի շորը համարյա այդ մշուշի գույնին է, բայց հաղթողը կարմիրն է՝ կյանքի գույնը: Նա նկարում էր կյանքը, նրա անմահությունը, նա պատկերում էր ճակատագիրն ու ափսոսանքը, քնքշությունն ու դառնությունը: Նա նկարում էր այնպես, ինչպես երբեք չէր նկարել, զգում էր, որ հաջողվում է ու դրանից վրձինն ավելի արագ ու ավելի վստահ էր շարժվում նրա ձեռքերում…
…Այդ պահին նա չգիտեր, որ մի տասնամյակ առաջ արդեն ծնունդ է առել լուսանկարչությունը, որ Թիֆլիս մուտք գործելուն պես եռոտանու վրա դրված այդ փայտե արկղը իսկույն գրավելու է բոլորի ուշադրությունը և դիմանկարների պատվիրատուները երես են թեքելու իրենից: Նա չէր մտածում, որ ծերության տարիներին, լքված ու մոռացված ամենքի կողմից ստիպված է լինելու գնալ Պարսկաստան, աղջկա մոտ և այնտեղ էլ հողին են հանձնելու նրա հոգնատանջ մարմինը:
   Նա ոչինչ չգիտեր: Նա նկարում էր հանգուցյալ Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը, նկարում էր կյանքը…
   …Գուցե բոլորովին էլ այսպես չի եղել: Հայտնի չէ: Ո՞վ կարող է ասել, թե ինչպե՞ս, ո՞ր աստղերի բարենպաստ համադրության տակ է ստեղծվել այս դիմանկարը, որը դեռ ինչքան պետք է զարմացնի ու հիացնի մեզ:
Հայելապատկերված է Լազարևա Մարիայի «Մանուշակագույն մատյանից» http://laz-arev-a.livejournal.com

Մի նկարի պատմություն. Իլյա Ռեպին «Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին

Արվեստանոցում ոչ ոք չկար: Նկարիչը մի անգամ էլ հեռվից նայեց արդեն ավարտած կտավին, գոհ ինչ-որ երգ մռմռաց քթի տակ ու նորից ձեռքը վերցրեց վրձինը: Ահա և ստորագրությունը. «Ի. Ռեպին»: Եվ տարեթիվը՝ «1880-1891»:

 

Ռեպին "Զապորոժցիները նամակ են գրում թուրքական սուլթանին"Հետո հանկարծ անսպասելի հոգնածություն զգաց: Մոտ քաշեց արվեստանոցի անկյունում դրված բազկաթոռը, նստեց, գլուխն առավ ափերի մեջ: Աստված իմ, մի՞թե իրոք 11 տարի է անցել այն օրից, ինչ ինքը մատիտ վերցրեց ձեռքն ու նկարեց այս կտավի առաջին էսքիզը: Տասնմեկ տարի… Կան «Զապորոժցիները» և չկա 11 տարվա կյանքը:
Իսկ իրենց թվում է, թե դեռ երեկ էր: Աբրամցևոյում, Սավվա Մամոնտովի տանը սովորականի պես ամռանը նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ էին հավաքվել: Ցերեկը ամեն մեկն իր գործ ուներ, իսկ երեկոյան բոլոր գալիս, հավաքվում էին մեծ հյուրանոցում, երգում էին, պարում, խաղում, կարդում: Հենց այստեղ էլ Պետերբուրգի կոնսերվատորիայի պորֆեսոր Ա. Ռուբեցը կարդաց թուրքական սուլթանի նամակը զապորոժցի կազակներին:
«Ես՝ սուլթանս, Մուհամեդի որդին, արևի ու լուսնի եղբայրը, աստծո թոռը և գահակալը երկրի վրա, մակեդոնական, բաբելոնական, երուսաղեմյան, մեծ և փոքր Եգիպտոսների թագավորությունների տեր, թագավորների թագավոր, տիրակալների տիրակալ, ոչ մեկից չհաղթված, արտակարգ ասպետ, Հիսուս Քրիստոսի աճյունի մշտարթուն պահապանս, ամենազոր աստծո խնամակալս, մուսուլմանների հույսն ու ապավենս, քրիստոնյաների մեծ պաշտպանս….

   Հրամայում եմ ձեզ սեփական կամոք հանձնվել ինձ, առանց դիմադրության և այլևս չանհանգստացնել ձեր ասպատակություններով»:
   Բոլորի խնդրանքով պորֆեսորը կարդաց նաև զապորոժցիների պատասխանը.
   «Դու՝ թուրքական շեյթան, անիծված սատանայի եղբայր և ընկեր, Լյուցիֆերի քարտուղար: Դու բաբելոնյան խոհարար ես, մակեդոնական կառապան, երուսաղեմյան….»:
Սուլթանի նոր «տիտղոսների» ցուցակը բավականին երկար էր: Զապորոժցիները չէին մոռացել նշել անգամ, որ նա հայերի համար մի խոզ է և ոչ այլ ինչ: Վերջում, սուլթանից պահանջելով համբուրել իրենց ոչ պատեհ տեղերից մեկը, կազակները պահանջել էին չքվել իրենց հողերից, քանզի իրենք շարունակելու են «քոթակել» թուրքերին: Նամակը ստորագրել էր ատաման Սերկոն:
  Ռուբեցը կարդաց նամակը, հավաքվածները երկար ծիծաղում էին, հիշելով նրա տարբեր հատվածները, իսկ հետո բոլորը գնացին քնելու: Հենց այդ երեկո է: Իլյա Եֆիմովիչ Ռեպինը որոշեց նկարել մի կտավ, որ զապորոժցիները պատկերված լինեն թուրքական սուլթանին նամակ գրելու պահին:
  …. Նկարիչը վեր կացավ, դանդաղ սկսեց քայլել արվեստանոցի մի անկյունից մյուսը: Նորից հիշեց այն պահը, երբ այնտեղ, նույն արվեստանոցում, դիտելով նկարի նախնական տարբերակը, Լև Տոլստոյը ասաց, որ դա միայն էտյուդ է և ոչ ավելին:
  — Նկարի նշանակությունը ավելի բարձր պետք է լինի, — շարունակեց գրողը: — Նրանում անպատճառ պետք է լուրջ, հիմնական միտք գոյություն ունենա: Իսկ այդ միտքը հիմա դեռ չկա:
  Սկզբից ինքը չհամաձայնվեց: Չէ՞ որ մինչ այդ եղել էր Զապորոժիեում, ուսումնասիրել կազակների սերունդների կենցաղը, բազմաթիվ ճեպանկարներ արել, զրուցել մարդկանց հետ: Միայն մի քանի օր հետո նա համոզվեց, որ Տոլստոյը ճշմարիտ է: Պատկերվելիքը պետք է ոչ թե սովորական կենցաղային տեսարան լիներ, այլ էպիկական պոեմ՝ ազգային խոր ինքնագիտակցության, ժողովրդի անհաղթ ոգու մասին: Հենց այս հատկանիշներն էին պակասում, հենց դրանց մեջ էր պետք որոնել Տոլստոյի շեշտած «լուրջ, հիմնական միտքը»:
  Ու սկսվեց աշխատանքը նոր կտավի վրա: Նորից ուղևորություն դեպի կազակների տափաստանները, նոր հանդիպումներ, նոր դեմքեր… Ահա կազակ Վասիլի Օլեշկոն, արծվենի հայացքով, երկար բեղերով մի գյուղացի կազակ: Գուցե հենց այսպիսին է եղել ատաման Սերկոն:
  Ռեպինը սկսում է նկարել կտավի կենտրոնական հերոսին, սակայն զգում է, որ ինչ-որ բան պակասում է: Անսպասելիորեն նրան ծանոթացնում են գեներալ Դրագոմիրովի հետ: Սերկոն հենց սա է, որ կա, միայն թե կտավի վրա Օլեշկոյին և Դրագոմիրովին հարկավոր է «համադրել» իրար հետ, երկուսի դիմագծերից ստեղծել մի ամբողջական կերպար, ազատատենչ մի ոգի, որը հիմա թուրքական սուլթանի հասցեին նոր հայհոյանքներ է մտմտում և քիչ հետո թելադրելու է իր գրագրին:
  «Համադրման» այդ մեթոդը նոր չէր Ռեպինի համար: Իվան Ահեղի կերպարն ստեղծելիս նա միավորել էր կոմպոզիտոր Բլարամբերգի և նկարիչ Մյասոեդովի դիմագծերը, արքայազն Իվանի մեջ գրող Գարշինն իրեն էր տեսնում, նկարիչ Մենկը՝ իրեն:
  Հենց առաջին օրից Ռեպինը որոշեց, որ իր կտավում անպատճառ լինելու է Տարաս Բուլբայի կերպարը:  Ահա նա կանգնած է սեղանի ձախ կողմում, ձեռքերը դրել է փորին ու անզուսպ քրքջում է: Նկարիչը նույնպես գոհ ծիծաղում է: Չէ՞ որ  սա ինքը պրոֆեսոր Ռուբենցն է, նա, որ առաջին անգամ կարդաց զապորոժցիների նամակը:
  Գրագիրն էլ պակաս կատակասեր չէ: Նրա գործը, իհարկե, ուրիշի թելադրածը գրելն է, բայց ինքն էլ դեմ չէ մի երկու կծու խոսք ավելացնել թուրքական սուլթանի հասցեին: Էլ ո՞վ կարող էր նախատիպ հանդիսանալ այս կերպարի համար, եթե ոչ պատմաբան Դ. Յավորնիցկին՝ Զապորոժիեի կազակության քաջ գիտակը:
  Նկարիչը մի անգամ էլ է նայում կտավին, բոլորը, բոլորը ծանոթ դեմքեր են: Այս միաչքանի, քրքջոցից ուղղակի շնչակտուր լինող ծեր կազակը իր լավ ծանոթների՝ Տարանովսկիների կառապան Նիկիշան է, իսկ այս ահռելի ճաղատի տերը ոչ ոք է, եթե ոչ կայսերական տան օբեր-հոֆսեյտեր Գ. Ալեքսեևը: Բայց հիմա բոլորը զապորժցիներ են դարձել, կրքոտ, անզուսպ, իրենց ուժն ու արժանապատվությունը լավ գիտակցող կազակներ, որոնք պատրաստվում են նորից «մի լավ դաս տալ» սուլթանին:
 Ռեպինը խնամքով ծածկեց նկարը, հանգցրեց արվեստանոցի բոլոր լույսերը ու դանդաղ քայլերով դուրս եկավ…
Հայելապատկերված է Լազարևա Մարիայի «Մանուշակագույն մատյան»-ից  http://laz-arev-a.livejournal.com/

«Դիմանկարի ժանր» (ռեֆերատ)

Սարդարյան Անիի ռեֆերատը դիմանկարի ժանրի մասին:

Դասախոս՝ Մերի Երզնկյան

2010 թվական

Բեռնել 36.5 KB

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելանոց-թանգարան (slide)

Լազարևա Մարիայի, Մելքոնյան Անիի և Մկրտչյան Լուսինեի պատրաստած տեսանյութը «Էրեբունի» պատմահնագիտական արգելանոց թանգարանի վերաբերյալ:

Դասախոս՝ Սվետլանա Պողոսյան

2010 թվական

Բեռնել 17. 1 MB

«Առասպելը որպես ազգային ինքնության դրսևորման ձև» (տեսանյութ)

Լազարևա Մարիայի տեսանյութը «Առասպելը որպես ազգային ինքնության դրսևորման ձև» թեմայով դիպլոմային աշխատանքի վերաբերյալ:

Ղեկավար՝ Սվետլանա Պողոսյան

2011 թվական:

Գարեգին Նժդեհ (հոդված)

Հակոբյան Ժորայի հոդվածը Գարեգին Նժդեհի մասին:

2011 թվական:

Բեռնել 50.0 KB

Назад — предыдущие записи

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

  • 135 983 դիտում

ՎԱՐԿԱՆԻՇ

հեղինակ և խմբագիր` Լազարևա Մարիա

%d такие блоггеры, как: